Բաքվի վճռաբեկ դատարանն այսօր՝ հոկտեմբերի 3-ին, սկսել է Իրանի օգտին լրտեսելու և պետական դավաճանության համար մեղադրվող քաղաքացիների գործով դատական նախանիստը։ Մեղադրյալների ցանկում է Աղամիր Աղամիրով Նովրուզ օղլուն, ով ընդհուպ մինչև իր ձերբակալությունը Ադրբեջանի պաշտպանական արդյունաբերության նախարար Յավեր Ջամալովի ավագ խորհրդականն էր։
Ինչպես հաղորդում է ադրբեջանական Haqqin.az կայքը, 2013թ. մայիսի 11-ին Ադրբեջանի Բարդայի շրջանի բնակիչ Հաֆիզ Վելիևը ձերբակալվել է օդանավակայանում՝ Իրանի իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի (SEPAH) ազգային անվտանգության ծառայության աշխատակից, ոմն Ռիյազա Բահմանիի հետ 2000 թվականից ի վեր համագործակցելու, վերջինիս հանձնարարությամբ Ադրբեջանի ներքին խնդիրների վերաբերյալ տեղեկություններ, փաստաթղթեր տրամադրելու, պետական կառույցների, դեսպանատների աշխատակիցներին հետևելու համար։ Պարզ է դարձել, որ 2013թ. հունվարից Վելիևը հանդիպումներ է ունեցել նաև պաշտպանական արդյունաբերության նախարարի ավագ խորհրդականի հետ։ Հանդիպումների ըթնացքում Վելիևը հայտնել է Աղամիրովին, թե Ադրբեջանում անցկացվող տարբեր բողոքի ցույցերում մեղավոր է Իսրայելը՝ հավելելով, որ ցույցերը հրահրող իսրայելցիներից ոմանք հաճախակի են լինում պաշտպանական արդյունաբերական նախարարությունում։ Վելիևն առաջարկել է խորհրդականին իրեն տրամադրել Իսրայելի այդ քաղաքացիների անձնագրերի պատճեններն ու լուսանկարները։ Աղամիրովն էլ համաձայնել է։
Արդյունքում սույն թվականի օգոստոսի 1-ին Բաքվի՝ ծանր հանցանքների գծով դատարանը դատապարտել է Վելիևին ու Աղամիրովին ցմահ բանտարկության։
Հիշեցնենք, որ 2014-ի հուլիսի 19-ին Ադրբեջանը փոփոխություններ է արել քրեական օրենսգրքում, որոնց համաձայն՝ պետական դավաճանության համար սահմանված պատժի ժամկետը երկարացվել է՝ հասցվելով 14-20 տարի ազատազրկման: Վելիևն ու Աղամիրովը ցմահ են դատապարտվել են, քանի որ մեղադրվում են քրեական օրենսգրքի 3 հոդվածներով:
Հավելենք նաև, որ վերջին տարիներին Ադրբեջանը մի քանի անգամ մեղադրանքներ է հղել Իրանին լրտեսների պատրաստելու և Ադրբեջան ուղարկելու համար, իսկ Իրանն էլ իր հերթին մեղադրում է Ադրբեջանին իսրայելական հետախուզության հետ իր դեմ համագործակցելու համար:
Ադրբեջանի ազգային անվտանգության նախարարության տվյալներով՝ 2011-ի մարտից մինչև 2012-ի մարտն ընկած ժամանակահատվածում 24 հոգի Ադրբեջանի տարածքում Իրանի օգտին լրտեսություն են արել: Ընդ որում, 2012-ի հոկտեմբերին Բաքուն մեղադրանքներ է առաջադրել 22 հոգու Իրանի համար լրտեսություն կատարելու առնչությամբ՝ նրանց դատապարտելով 3-13 տարի ազատազրկման: