Վրաստանը ամրացնում է Ադրբեջանի հետ իր սահմանը. բացվել է նոր սահմանային ուղեկալ

Վրաստանի ներքին գործերի նախարար Ալեքսանդր Չիկաիձեն և սահմանապահ ոստիկանության պետ, գեներալ-մայոր Զուրաբ Համեզարդաշվիլին Ադրբեջանի հետ սահմանին՝ Վախթանգիսի գյուղի մոտ, սեպտեմբերի 29-ին բացել են սահմանապահ ոստիկանության ցամաքային սահմանի պահպանման վարչության նոր ուղեկալը։

Վրաստանի ու Ադրբեջանի սահմանին տեղադրված նոր ուղեկալի տեղը

Վրաստանի ու Ադրբեջանի սահմանին տեղադրված նոր ուղեկալի տեղը

Այս մասին տեղեկացնում է Georgia Online լրատվական կայքը՝ հղում տալով Վրաստանի ներքին գործերի նախարարության մամուլի ծառայությանը։ Ըստ աղբյուրի՝ նոր ուղեկալը համալրված է ժամանակակից տեխնիկայով։

Հիշեցնենք, որ սույն թվականի օգոստոսի 6-ին Վրաստանը բացել է Թուրքիայի հետ սահմանին իր ցամաքային սահմանի 6-րդ ուղեկալը՝ «Կարցախ» անունով, իսկ սեպտեմբերի 26-ին՝ Հայաստանի հետ սահմանին՝ «Ախքեպի» սահմանային ուղեկալը։

2014-ի սկզբից ի վեր Վրաստանի ՆԳՆ-ն ակտիվորեն զբաղվում է երկրի սահմանային հատվածների ամրապնդմամբ ու բարեկարգմամբ։ 2014-ին ֆինանսական միջոցներ են հատկացվել Հայաստանի, Ադրբեջանի, Թուրքիայի ու ՌԴ-ի հետ սահմանին նոր ուղեկալների կառուցման համար։ Վրաց-ռուսական սահմանին ներկայումս կա 3 ուղեկալ, Ադրբեջանի հետ սահմանին՝ 2-ը, Հայաստանի հետ սահմանին՝ 4-ը, Թուրքիայի հետ սահմանին՝ 1-ը։ Մինչև 2014-ի ավարտը ծրագրված է սկսել ևս 6 սահմանային ուղեկալի կառուցում, որոնցից 5-ը՝ Ադրբեջանի հետ սահմանին։

Հավելենք, որ հիմնականում ադրբեջանցիներով բնակեցված վերոհիշյալ Վախթանգիսի գյուղում 2004-ին Վրաստանի ուժայինները հատուկ գործողություն էին իրականացրել՝ մաքսանենգ ապրանքներով նկուղներ հայտնաբերելու նպատակով, ինչն առաջ էր բերել Վրաստանի ադրբեջանական համայնքի ղեկավարների սուր դժգոհությունը։

Նկատենք, որ վրաց-ադրբեջանական սահմանը մինչ օրս հստակ զատված չէ։ Վրաստանն ու Ադրբեջանն ունեն 446 կմ երկարությամբ սահմանագիծ, որից 180 կմ-ը՝ 34 տոկոսը, մինչ օրս վիճելի է։ Վրաստանի սահմանագծման գործընթացը մեկնարկել է 1996-ին, երբ սկսվել են վրաց-ադրբեջանական միջկառավարական հանձնաժողովների աշխատանքները։ 2007-ից սկսած կողմերը բանակցություններ են վարում Դավիթ-Գարեջիի վանքային համալիրի պատկանելության շուրջ, որը տեղակայված է վրաց-ադրբեջանական սահմանին՝ Թբիլիսիից 60 կմ հեռավորության վրա՝ դեպի հարավ-արևելք։ Կողմերը վիճարկում են նաև Սիգնատի շրջանի Էրիսիմեդի գյուղի պատկանելությունը, որտեղ հիմնական Աջարիայից վերաբնակիչներ են ապրում։ 2010-ին լուրեր էին շրջանառվում, թե Ադրբեջանը Էրիսիմեդիի դիմաց կզիջի Վրաստանին Դավիթ Գարեջիի համալիրը։

Նշենք նաև, որ 2014-ի հուլիսի վերջին վրացական ու ադրբեջանական ֆուտբոլային թիմերի խաղին վրացի ֆուտբոլասերները քարտեզով պաստառ էին պահել, որտեղ ադրբեջանական հյուսիսային Զագաթալայի և Գախի շրջաններն ընդգրկված էին Վրաստանի կազմում։ Հաջորդ օրն ադրբեջանական կողմը որոշ ժամանակով փակել էր Վրաստանի հետ սահմանին հսկիչ անցակետերից մեկը։

Ադրբեջանը ցավագին է ընդունում նաև Վրաստանի հետ սահմանային Քվեմո-Քարթլի (ադրբեջանական կողմն անվանում է «Բորչալը») շրջանի խնդիրը։ Այստեղ հիմնականում ադրբեջանցիներ են բնակվում, սակայն, ադրբեջանական կողմի հավաստիացմամբ՝ Վրաստանի իշխանությունները փորձում են, սվաններին վերաբնակեցնելով այս շրջանում, փոխել դրա ժողովրդագրական կազմը, ինչը պարբերաբար հանգեցնում է ադրբեջանցիների ու սվանների բախումներին։

One response to “Վրաստանը ամրացնում է Ադրբեջանի հետ իր սահմանը. բացվել է նոր սահմանային ուղեկալ

  1. Pingback: Ռազմաշաբաթ. Ադրբեջան. սեպտեմբերի 28-հոկտեմբերի 4 | Ռազմ.info

Մեկնաբանել

Ձեր էլ. փոստի հասցեն չի հրատարակվելու: Պարտադիր դաշտերը նշված են *