Ռազմաշաբաթ. Ադրբեջան. օգոստոսի 4-9

Առաջնագծում լարված է: Հուլիսյան կորուստները: Մայորը մահացել է հիվանդությունից: Իլհամ Ալիևն առաջնագծում է: Չհայտարարված վիրավորներ: ԱԻՆ-ի զորավարժությունը: 

Ռաշիդ Նաբի օղլու ՄամեդովՌաշիդ Նաբի օղլու Մամեդով

Ռաշիդ Նաբի օղլու Մամեդով

Ռազմինֆոյի՝ բաց աղբյուրների տեղեկությունների վրա հիմնված մշտադիտարկման համաձայն՝ 2014-ի հուլիսին Ադրբեջանի պաշտպանական և անվտանգության համակարգերում հայտարարվել է 6զոհի և 15 վիրավորի մասին։  2014-ի սկզբից մինչ հուլիսի 31-ը Ադրբեջանի պաշտպանական և անվտանգության համակարգի կառույցներն ընդհանուր առմամբ հաղորդել են 50 զոհի և 91 վիրավորի մասին: Ընդ որում, եթե հետևենք ադրբեջանական կողմի պնդումներին, ապա կստացվի՝ 50 զոհերից 14-ը մարտական կորուստ են։

Ադրբեջանի պաշտպանության նախարարության զորամասերից մեկի հրամանատար, փոխգնդապետ Իհթիյար Մամեդովը, համաձայն ադրբեջանական կողմի տվյալների, մահացել է օրերս սրտի անբավարարությունից։

Ադրբեջանի զինված ուժերի զինծառայող Գարազադե Անար Վիվադի օղլուն, որը, ադրբեջանական կողմի վարկածով, վիրավորվել էր առաջնագծում «հայկական հարձակման հետևանքով», ստացած վնասվածքներից մահացել է հոսպիտալում։

Ադրբեջանի զինված ուժերի զինծառայող, 1992-ին ծնված Ջավիդ Ջալալ օղլու Մամեդովը, համաձայն ադրբեջանական վարկածի, մահացել է իրեն ամրակցված ինքնաձիգից անզգուշության հետևանքով արձակված կրակից։

-Ադրբեջանի զինված ուժերի զինծառայող, ենթասպա Վալեհ Հոսիևն առաջնագծի հատվածում հրազենային վնասվածք է ստացել «հայկական կողմից արձակված գնդակից»։

Օգոստոսի 4-ի լույս 5-ի գիշերը Ադրբեջանի զինված ուժերի մայոր, 1974-ին ծնված Ռաշիդ Նաբի օղլու Մամեդովը մահացել է քաղցկեղից։ Մինչ իր մահը մայորն օգնության խնդրանքով դիմել էր ադրբեջանական մի շարք լրատվամիջոցների։

Ադրբեջանի զինված ուժերի զինծառայող Սահիլ Յաշար օղլու Թերլանլին մահացել է ստացած հրազենային վնասվածքներից առաջնագծի հատվածում։ Ադրբեջանական կողմը վկայում է՝ զինծառայողի մահվան հանգամանքները դեռ պարզ չեն։ Նույնիսկ չի հաղորդվում՝ արդյոք այս կորուստը մարտական է, թե ոչ։

Ադրբեջանի զինված ուժերի զինծառայող, 20-ամյա Ֆարհադ Ազադ օղլու Ռահիմովը, ադրբեջանական կողմի վարկածով, թեթև հրազենային վիրավորում է ստացել «հայկական գնդակից» առաջնագծում։

Մի շարք ադրբեջանական լրատվամիջոցների փոխանցմամբ՝ օգոստոսի 5-ի լույս 6-ի գիշերն ադրբեջանական զինուժն Աղդամի հատվածում ունեցել է ավելի քան երկու վիրավոր զինծառայող «հայկական գնդակից»։

Հայ-ադրբեջանական սահմանի արցախյան հատվածում օգոստոսի 6-ի գիշերը միջադեպ է արձանագրվել. Ադրբեջանի զինված ուժերի զինծառայողներից մեկը, ձեռքերը վեր բարձրացրած, մոտեցել է հայկական դիրքերին։

Տարբեր աստիճանի վնասվաքներ ստացած Ադրբեջանի զինված ուժերի 3 զինծառայողների օգոստոսի 7-ի երեկոյան ժամերին ուղղաթիռով տեղափոխել են հոսպիտալ։

Նախիջևանի Ինքնավար Հանրապետությունում՝ առաջնագծի հատվածում,  հունիսի 2-ին զոհվել է ժամկետային զինծառայող, 19-ամյա Զաուր Հասանլըն։ Ադրբեջանական կողմի պնդմամբ, զինծառայողը զոհվել է «հայկական կողմի արձակած գնդակից»։

Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևն այսօր՝ օգոստոսի 6-ին, ժամանել էր սահմանամերձ Աղդամի շրջանի զորամասերից մեկը, որտեղ էլ խորհրդակցություն է անցկացրել։ Խորհրդակցության ժամանակ Ադրբեջանի պաշտպանության նախարար, գեներալ-գնդապետ Զաքիր Հասանովը զեկուցել է նախագահին առաջնագծում իրավիճակի մասին։

Ադրբեջանական լրատվամիջոցները վերջին շրջանում հաճախ են լուրեր տարածում առաջնագծում իրենց ռազմաօդային ուժերին պատկանող ինքնաթիռների՝ թռիչքներ կատարելու մասին։ Իրականում ադրբեջանական օդուժի կործանիչների օդ բարձրանալու լուրերը կիրառվում են հիմնականում քարոզչական նպատակներով՝ որպես հիմնական թիրախ ունենալով հայկական լսարանը։

-Համաձայն ադրբեջանական կողմի լուրերի՝ Ադրբեջանի պաշտպանության նախարար, գեներալ-գնդապետ Զաքիր Հասանովն արձակուրդում է եղել, երբ հուլիսի 31-ի գիշերն առաջնագծում սպանվել են առնվազն 9 զինծառայողներ:

Ադրբեջանական Axar.az կայքի փոխանցմամբ՝ Հասանովը պատրաստվում է պատժել Ադրբեջանի ԶՈւ Բարդայի 1-ին կորպուսի հրամանատար, գեներալ-լեյտենանտ Նիզամ Օսմանովին, քանի որ «հայկական կողմը հարձակվել է նրա պատասխանատվության ներքո գտնվող առաջնագծի հատվածի վրա»։

Օգոստոսի 4-ին Բաքվի ոստիկանությունը ցրել է Ադրբեջանի «Երիտասարդ ակտիվիստներ» կազմակերպության ցույցը, որն իրականացվում էր կամավորներ հավաքելու և «Ղարաբաղն ազատագրելու» համար ստորագրահավաքի շրջանակներում։

Ադրբեջանի արտակարգ իրավիճակների նախարարությունը երկրի հանրապետական հիվանդանոցի տարածքում վարժանքներ է անցկացնում, որոնց նպատակը, համաձայն պաշտոնական աղբյուրների, հիվանդանոցի անձնակազմի պատրաստվածության աստիճանի ստուգումն է համապատասխան իրավիճակներում։

Ադրբեջանի պաշտպանության նախկին փոխնախարար, գնդապետ Իսա Սադիգովը վերջին շրջանում առաջնագծում լարվածության և Ադրբեջանի ԶՈւ մարտական կորուստների համար մեղադրել է ներկայիս նախարար Զաքիր Հասանովին և Ադրբեջանի իշխանություններին։ 

Խորվաթական Adria-Mar նավաշինարանը, որը մասնագիտացած է խորհրդային արտադրության ռազմական տեխնիկայի վերանորոգման բնագավառում, պատրատվում է վերանորոգել Ադրբեջանի՝ Կասպից ծովում կիրառվող 2 միավոր փոքր չափերի, ջրասուզակների տեղափոխման համար նախատեսված «Տրիտոն-1Մ» (ռուս.՝ «Тритон-1М» ) ու «Տրիտոն-2Մ»  (ռուս.՝ «Тритон-2М») սուզանավերը։

Օգոստոսի 6-ին Ադրբեջան ժամանած Լատվիայի պաշտպանության նախարար Ռայմոնդս Վեյոնիսի գլխավորած պատվիրակությունը հանդիպումներ է ունեցել Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի, պաշտպանության նախարար Զաքիր Հասանովի և ռազմարդյունաբերության նախարար Յավեր Ջամալովի հետ։

Ռազմաշաբաթը նաև՝

Հայաստանում

Թուրքիայում

Վրաստանում

Մեկնաբանել

Ձեր էլ. փոստի հասցեն չի հրատարակվելու: Պարտադիր դաշտերը նշված են *