Ադրբեջանի ԶՈւ 3 զինծառայող վիրավորվել է ավտոմեքենայի պայթյունի հետևանքով

Տարբեր աստիճանի վնասվաքներ ստացած Ադրբեջանի զինված ուժերի 3 զինծառայողների օգոստոսի 7-ի երեկոյան ժամերին ուղղաթիռով տեղափոխել են հոսպիտալ։

Այս մասին հաղորդում է ադրբեջանական Axar.az կայքը՝ հավելելով, որ նրանք այրվածքներ են ստացել ռազմական մեքենայի պայթյունի պատճառով, պայթյունն էլ գրանցվել է զինծառայողների անփութության հետևանքով։ Կայքը նշում է նրանցից մեկի անունը՝ Բարդայի շրջանից զորակոչված Էլմեդին Աբդուլաև։ Ըստ աղբյուրի՝ զինծառայողների ծնողներին արդեն տեղեկացրել են կատարվածի մասին։

Նկատենք, որ Axar.az-ը չի հիշատակում՝ որտեղ է արձանագրվել միջադեպը։ Այլ աղբյուրներ սույն տեղեկությունը չեն մեկնաբանել։ Այս պահի դրությամբ լռում է նաև Ադրբեջանի պաշտպանության նախարարությունը։

Հիշեցնենք, որ հուլիսի 31-ից մինչ օրս հայ-ադրբեջանական սահմանում լարված վիճակ է։ Ադրբեջանական կողմը պարբերաբար խախտում է հրադադարի ռեժիմը, ձեռնարկում հետախուզադիվերսիոն հարձակման փորձեր, առաջնագծի տարբեր հատվածներում գրանցվել է փոխհրաձգություն։ ՊԲ պաշտոնական տվյալներով՝ նշված ժամանակահատվածում հայկական կողմն առաջնագծում ունեցել է 6 զոհ, ադրբեջանական կողմը՝ առնվազն 17։

Հավելենք, որ ՊԲ տվյալներով՝ օգոստոսի 5-ի լույս 6-ի գիշերն ադրբեջանական զինուժը դիվերսիոն ներթափանցման հերթական փորձն է նախաձեռնել, որի հետևանքով ունի մեկ զոհ ու մի քանի վիրավոր։ Զոհը, ինչպես հաղորդում է ՊԲ-ն, Սահիլ Յաշարօղլու Թառլանլըն է, որի զոհվելու փաստն Ադրբեջանի ՊՆ-ն հաստատելէ։ Բացի այդ, ադրբեջանական կողմը հիշատակում է  20-ամյա զինծառայող Ֆարհադ Ազադօղլու Ռահիմովին՝ որպես «հայկական գնդակից» վիրավոր առաջնագծում։

Բացի այդ, օգոստոսի 7-ին հայ-ադրբեջանական հակամարտ զորքերի շփման գծում արձանագրվել է ակտիվ փոխհրաձգություն, որի արդյունքում հակառակորդը կրել է կենդանի ուժի կորուստներ:Ինչպես հաղորդում է Պաշտպանության բանակի մամուլի ծառայությունը, փոխհրաձգության ընթացքում հակառակորդի կողմից արձակված կրակոցից գնդակային վիրավորում է ստացել զինծառայող, 1995-ին  ծնված Վիկտոր Շուբերտի Աբրաամովը:

Մեկնաբանել

Ձեր էլ. փոստի հասցեն չի հրատարակվելու: Պարտադիր դաշտերը նշված են *