Ադրբեջանում ձերբակալել են առաջնագիծ կամավոր մեկնելու կոչեր անող երիտասարդների

Օգոստոսի 4-ին Բաքվի ոստիկանությունը ցրել է Ադրբեջանի «Երիտասարդ ակտիվիստներ» կազմակերպության ցույցը, որն իրականացվում էր կամավորներ հավաքելու և «Ղարաբաղն ազատագրելու» համար ստորագրահավաքի շրջանակներում։

Ոստիկանները ձերբակալում են ադրբեջանցի ակտիվիստներին

Ոստիկանները ձերբակալում են ադրբեջանցի ակտիվիստներին

Ինչպես հաղորդում է ադրբեջանական «Ենի Մուսավաթ» թերթը, կազմակերպության ղեկավար մարմնի անդամներ Մուշվիգ Վելիևը, Իսմայիլ Ջամալովը, Օրհան Էյվազովը և Աղշին Աշուրովը ձերբակալվել են։ Հայտնի է նաև, որ ավելի վաղ ձերբակալվել էին Գանձակում նույն կազմակերպության ակտիվիստներ Արզու Մամեդզադեն, Անար Իմանովն ու Թուրղան Ալիևը «ռազմաճակատ մեկնելու կոչերի համար»։ Ոստիկանությունն արգելել է նրանց այսուհետ այդպիսի կոչերով հանդես գալ։

Հիշեցնենք, որ դեռևս օգոստոսի 2-ին ոստիկանությունը բերման էր ենթարկել ադրբեջանական ընդդիմադիր «Ժողովրդական ճակատ» կուսակցության ակտիվիստ Ռուսլան Նասիրլիի հորը, քանի որ վերջինս բողոքի ցույցի կոչեր էր հնչեցրել՝ կապված Ադրբեջանի զինված ուժերում մեծ թիվ կազմող մարտական կորուստների հետ։

Նկատենք, որ այս օրերին Քաշաթաղի ու Մարտակերտի շրջանից հայ կամավորներ են մենել առաջնագիծ։ Ռազմինֆոյի հետ զրույցում Քաշաթաղի շրջանի վերաբնակեցման վարչության պետ, կամավորների հավաքման կազմակերպիչներից Ռոբերտ Մաթևոսյանն ասել է՝ Քաշաթաղից 106 կամավոր արդեն սահմանին է ու սահմանապահ զինծառայողների կողքին։ Վաղը կամ մյուս օրը նրանց փոխարինելու կգնա երկրորդ հարյուրյակը։
Հուլիսի 31-ից մինչ օրս առաջնագծում լարված վիճակ է։ Ադրբեջանական կողմը պարբերաբար խախտում է հրադադարի ռեժիմը, ձեռնարկում հետախուզադիվերսիոն հարձակման փորձեր, առաջնագծի տարբեր հատվածներում գրանցվել է փոխհրաձգություն։ ՊԲ պաշտոնական տվյալներով՝ նշված ժամանակահատվածում հայկական կողմն ունեցել է 5 զոհ, 7 վիրավոր։

One response to “Ադրբեջանում ձերբակալել են առաջնագիծ կամավոր մեկնելու կոչեր անող երիտասարդների

  1. Pingback: Ռազմաշաբաթ. Ադրբեջան. օգոստոսի 4-9 | Ռազմ.info

Մեկնաբանել

Ձեր էլ. փոստի հասցեն չի հրատարակվելու: Պարտադիր դաշտերը նշված են *