Ադրբեջանի պաշտպանության նախկին փոխնախարար, գնդապետ Իսա Սադիգովը վերջին շրջանում առաջնագծում լարվածության և Ադրբեջանի ԶՈւ մարտական կորուստների համար մեղադրել է ներկայիս նախարար Զաքիր Հասանովին և Ադրբեջանի իշխանություններին։
Ադրբեջանական Axar.az կայքի փոխանցմամբ՝ Իսա Սադիգովը շեշտել է, որ մեկ օրում առաջնագծում «11 զոհն իսկական աղետ է» ՝ դժգոհություն հայտնելով Ադրբեջանի ՊՆ որդեգրած պաշտպանության սկզբունքներից։
Սադիգովը նաև ընդգծել է, որ առաջնագծի դեպքն անմիջական առնչություն ունի Ադրբեջանի զինված ուժերում առկա լուրջ խնդիրների, ինչպես և 2013-ի հոկտեմբերից պաշտպանության նախարար պաշտոնավարող Զաքիր Հասանովի նվազ ազդեցությունը ԶՈւ և ՊՆ համակարգերում։ Նախկին փոխնախարարի հավաստիացմամբ՝ կատարվածն Ադրբեջանի համար խայտառակություն է, և առաջին հերթին պատասխանատվություն է կրում գնդի հրամանատարը պաշտպանության նախարարի առջև, իսկ պաշտպանության նախարարը՝ գերագույն հրամանատարի, այսինքն՝ երկրի ղեկավարի առջև։
Հիշեցնենք, որ Սադիգովը 1993-ին Ադրբեջանում Սուրեթ Հուսեյնովի իրականացրած հեղաշրջման փորձի մասնակից է, որպես պաշտպանության փոխնախարար պաշտոնավարել է 1993-1996-ին, հայտնի է Ադրբեջանի ներկայիս իշխանությունների դեմ ուղղված սուր քննադատություններով,բազմիցս իր համակրանքն է հայտնել Ադրբեջանի ընդդիմադիր խմբակցություններին։
Հավելենք, որ հուլիսի 31-ից մինչ օրս առաջնագծում լարված իրավիճակ է։ Ադրբեջանական կողմը խախտում է հրադադարի ռեժիմը, հետախուզադիվերսիոն հարձակման փորձեր արել։ Հայկական կողմն արժանի պատասխան է տվել հակառակորդին։ Նույն ժամանակահատվածում հայկական զինուժն ունեցել է 5 զոհ, 7 վիրավոր, ադրբեջանականը՝ առնվազն 15 զոհ։