Ռազմաշաբաթ. Հայաստան. օգոստոսի 4-9

Քարվաճառում հակառակորդի գնդակից պայմանագրային է զոհվել: Հայկական զինուժի կորուստները հուլիսին: Կամավորները`առաջնագծում: Օգոստոսի 3-ից 4-ը հակառակորդի հետախուզադիվերսիոն ներթափանցման փորձ չի եղել: Կանխվել է 20-ից ավելի դիվերսիա. Օհանյան:  Արցախում խաղաղապահների կարիք չկա:

Դիվերսիան կասեցնելիս վիրավորված զինծառայողը

Դիվերսիան կասեցնելիս վիրավորված զինծառայողը

” Oգոստոսի 4-ին Քարվաճառի շրջանում հակառակորդի դիպուկահարից զոհվել է պայմանագրային զինծառայող, 1971 թվականին ծնված Արամ Մկրտչի Գրիգորյանը: Ավագ սերժանտ Արամ Գրիգորյանը հետմահու պարգևատրվել է Մարտական ծառայության մեդալով:

” Հայկական զինված ուժերը (ներառյալ Պաշտպանության բանակը) 2014 թվականի հունիսի 1-ից 30-ն ունեցել է  6 զոհ և 2 վիրավոր: Նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ զոհերի թիվն ավելացել է 1-ով։

” Օգոստոսի 7-ին հայ-ադրբեջանական հակամարտ զորքերի շփման գծում արձանագրվել է ակտիվ փոխհրաձգություն, որի արդյունքում հակառակորդը կրել է կենդանի ուժի կորուստներ: Փոխհրաձգության ընթացքում հակառակորդի կրակոցից գնդակային վիրավորում է ստացել զինծառայող, 1995-ին  ծնված Վիկտոր Շուբերտի Աբրաամովը:

” Օգոստոսի 7-ին ՀՀ Տավուշի մարզի սահմանամերձ Չինարի գյուղի բնակիչ Կարեն Պետրոսյանն անցել էր սահմանն ու հայտնվել Թովուզի շրջանում, որից հետո ձերբակալվել էր: Օգոստոսի 8-ի առավոտյան, ըստ ադրբեջանական աղբյուրների,  հայ գերին մահացել է «անհայտ պատճառներով»: Իսկ ավելի ուշ մահվան պատճառ նշվեց «սրտանոթային համակարգի անբավարությունը»:

” Կարմիր խաչի միջազգային կոմիտեն օգոստոսի 8-ին տեղեկացվել է Ադրբեջանի իշխանությունների կողմից, որ Հայաստանի քաղաքացին օգոստոսի 7-ին անցել է միջազգային սահմանն ու գտնվելով Ադրբեջանում մահացել է։ Օգտագործելով իր դերը որպես անկախ միջնորդ՝ Կարմիր խաչի միջազգային կոմիտեն կապի մեջ է Հայաստանի իշխանությունների և մահացածի ընտանիքի հետ։ Ցանկացած խնդիր, որ կապված է դեպքի հետ, ԿԽՄԿ-ի կողմից հասցեագրվում է համապատասխան իշխանություններին։  ԿԽՄԿ-ի հայտարարությունն այստեղ:

” Օգոստոսի 8-ի լույս 9-ի գիշերը՝ ժամը 04:20-ի սահմաններում, հայ-ադրբեջանական հակամարտ զորքերի շփման գծի հարավային (Հադրութի) և հարավարևելյան (Մարտունու)  ուղղություններով հակառակորդը հերթական անգամ ձեռնարկել է դիվերսիոն ներթափանցման փորձ: Ձեռնարկվել են կանխարգելիչ միջոցառումներ, ինչի արդյունքում հակառակորդը, կրելով կորուստներ, հետ է շպրտվել ելման դիրքեր: Փոխհրաձգության ժամանակ պաշտպանության բանակը կորուստներ չի ունեցել:

” Հայաստանյան Hetq.am լրատվակայքը հայտնում է, որ Արցախի հյուսիսարևելյան շրջանի գյուղերից մեկի բնակիչների փոխանցմամբ՝ հայկական ուժերը խոցել են ադրբեջանական զինուժին պատկանող անօդաչու թռչող սարք, որն ընկել է հակամարտ զորքերի դիրքերի միջև՝ չեզոք գոտում: Ռազմինֆոյի հետ զրույցում ՊԲ մամուլի խոսնակ Սենոր Հասրաթյանը ո´չ հերքել է, ո´չ հաստատել տեղեկությունը:

” Օգոստոսի 8-ի երեկոյան հակառակորդը դարձյալ խախտել է հրադադարի ռեժիմը` կրակելով Տավուշի մարզի սահմանամերձ գյուղերի և ճանապարհների ուղղությամբ: Ներքին Կարմիրաղբյուր և Այգեպար ճանապարհին հակառակորդի կրակից մեքենա է այրվել, վարորդը կարողացել է դուրս պրծնել և փրկվել:

” Քաշաթաղից 106 կամավոր արդեն սահմանին է ու սահմանապահ զինծառայողների կողքին։  Նրանց մի քանի օր անց  փոխարինելու էր երկրորդ հարյուրյակը: «Մենք գնում ենք, որ մեր զինվորներն ավելի ամուր կանգնեն, ավելի մարտունակ լինեն։ Ադրբեջանն էլ թող իմանա, որ այդ դիվերսիաներից ու հարձակումներից հետո մեր ժողովուրդը ոչ միայն չի վախենում, այլ համախմբվում է իր զինվորի շուրջ»,- նշեց Քաշաթաղի շրջանի վերաբնակեցման վարչության պետ Ռոբերտ Մաթևոսյանը:

” Թեև օգոստոսի 3-ին և 4-ի առավոտյան հայ-ադրբեջանական հակամարտ զորքերի շփման գծում հակառակորդի կողմից հետախուզադիվերսիոն ներթափանցման փորձեր չեն ձեռնարկվել, այնուամենայնիվ, իրավիճակն առաջնագծում լարված է, քանի որ ադրբեջանական զինուժը շարունակել է ինտենսիվ  խախտել հրադադարի պահպանման ռեժիմը` հիմնականում կիրառելով հրաձգային, այդ թվում՝ խոշոր տրամաչափի զինատեսակներ:

” Վերջին օրերի ընթացքում մեր ստորաբաժանումները կանխել են 20-ից ավելի դիվերսիաներ, դա մեր զինծառայողների պատրաստության, մեր հրամանատարների և զինծառայողների գործի շնորհիվ է: Անվտանգության ապահովման խնդիրներից ելնելով՝ հասարակության ճնշումների ներքո մենք չենք կարող բացահայտել այն մարտական խնդիրները, որ իրականացնում ենք: Այս մասին նշել է նախարար Սեյրան Օհանյանը:

” Օգոստոսի 5-ին՝ ժամը 23:00-ի սահմաններում, հակառակորդի հատուկ նշանակության ջոկատայինները հայ-ադրբեջանական հակամարտ զորքերի շփման գծի հարավ արևելյան՝ Մարտունու (Յուսուֆջանլու) ուղղությամբ, ձեռնարկել են դիվերսիոն ներթափանցման փորձ: ՊԲ դիրքապահ ստորաբաժանումների կազմակերպված գործողությունների արդյունքում, հակառակորդը տալով մեկ զոհ (Սահիլ Յաշարօղլու Թառլանլը) և վիրավորներ, հետ է շպրտվել ելման դիրքեր:

” ՀՀ արտակարգ իրավիճակների նախարար Արմեն Երիցյանն օգոստոսի 7-ին կառավարության նիստի ժամանակ առաջարկել է նախարարության քաղաքացիական պաշտպանության զորքերին հնարավորություն տալ ծառայություն իրականացնելու սահմանում: Պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանը նշել է, որ դա ԱԻ նախարարի հետ միասին կքննարկեն:

” Մենք մեր առջև դրված խնդիրները կարող ենք ինքնուրույն լուծել ու Արցախում խաղաղապահ ուժերի տեղակայման խնդիր այսօր չկա: Երկրագնդի վրա հակամարտությունների բոլոր գոտիներում մեր տարածաշրջանը արցախյան հակամարտությամբ միակ վայրն է, որտեղ առանց երրորդ ուժի պահպանվում է հարաբերական զինադադարի պայմանները: Օգոստոսի 6-ին հրավիրված ասուլիսի ժամանակ ասել է Սեյրան Օհանյան:

” «Քարվաճառ մտած դիվերսիոն խմբի հիմնական նպատակը ոչ թե դիվերսիոն, այլ հենց հետախուզական գործողություններ իրականացնելն է եղել: Այն նյութերը, որ այսօր Արցախի իրավապահ մարմինների մոտ են, ցույց են տալիս, որ նրանք ուսումնասիրել են Քարվաճառի ամբողջ տարածքը, բոլոր ենթակառուցվածքները, բոլոր զորամասերը, շարասյուների տեղաշարժերը և դրանք համապատասխան նյութ պիտի հանդիսանային Ադրբեջանի ղեկավարության համար համապատասխան որոշումներ ընդունելու համար: Այդ դիվերսանտները հանցագործներ են, և նրանք պիտի դատապարտվեն»,- ասուլիսի ժամանակ նշել է ՀՀ պաշտպանության նախարարը:

” ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցիչ, դեսպան Անջեյ Կասպրշիկը հայ-ադրբեջանական սահմանի վերջին իրադարձությունների վերաբերյալ հայտարարություն է տարածել, որտեղ մասնավորապես նշվում է, թե  վերջին միջադեպերի վերաբերյալ տեղեկությունները մտահոգության առիթ են տալիս:

” 2013 թվականի օգոստոսի 8-ին 1991 թվականին ծնված շարքային զինծառայող Հակոբ Ինջիղուլյանը տեղանքում չկողմնորոշվելու հետևանքով հատեց հայ-ադրբեջանական շփման գիծն ու հայտնվեց հակառակորդի պահպանության տակ գտնվող տարածքում: 1 տարի է անցել նրա գերությունից, ու օր առաջ Հակոբի հայտնվելը երրորդ երկրում փրկություն կլինի նրա համար:

” Ռազմատեխնիկական համագործակցությունների շրջանակներում երկկողմ համատեղ ձեռնարկությունների ստեղծման հնարավորություն է տրվել, ինչն էլ մենք արել ենք նաև Լեհաստանի հետ: Համագործակցությունը հնարավորություն է տալու և՛ նոր միջոցներ ձեռք բերենք, և՛ արդիականացնենք այն միջոցները, որոնք մեզ են հասել ԽՍՀՄ-ից կամ դրա փլուզումից հետո: Ռազմինֆոյի հարցին ի պատասխան` այս մասին հայտնել է պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանը:

” Տանկային բիաթլոնի անհատական մրցումների երրորդ օրը մրցել են 12 երկրների երրորդ տանկային անձնակազմերը: Հայաստանցի տանկիստների անձնակազմը 3-րդ տեղում է:

” Օգոստոսի 7-ից ՀՀ պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանն այցելում է Տավուշի մարզի սահմանամերձ գյուղեր: Նախարարն այցելությունը սկսել է Բարեկամավան և Բերքաբեր գյուղերից, իսկ այսօր եղել է նաև Ներքին Կարմիրաղբյուր գյուղում: Սեյրան Օհանյանը հանդիպում է սահմանամերձ գյուղերի բնակիչներին, քննարկում ամենատարբեր հարցեր`սոցիալականից սկսած մինչև անվտանգություն:

Աջից` Արցախի վարչապետ Արա Հարությունյանը

Աջից` Արցախի վարչապետ Արա Հարությունյանը

” Արցախի վարչապետ Արա Հարությունյանն օգոստոսի 4-ին այցելել էր մի քանի մարտական դիրք և այնտեղ հանդիպել կամավորական ջոկատներին: Տրամադրությունը սահմանին թե՛ զինծառայողների, թե՛ կամավորների մոտ ավելի քան մարտական է եղել:  Օգոստոսի 3-ին ևս Արա Հարությունյանն իր մարտական ընկերների հետ մեկնել էր մարտական դիրքեր և գիշերն անցկացրել այնտեղ: Դիրքեր այցերը շարունեկվելու են:

” Օգոստոսի 4-ին ՀՀ պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանը և ՀՀ-ում ԱՄՆ արտակարգ և լիազոր դեսպան Ջոն Հեֆերնը քննարկել են հայ-ադրբեջանական շփման գծում և հայ-ադրբեջանական սահմանին տիրող լարված իրադրությունը:

” Օգոստոսի 5-ին ՀՀ պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանը և ՀՀ-ում ՌԴ արտակարգ և լիազոր դեսպան Իվան Վոլինկինը քննարկել են վերջին օրերին հայ-ադրբեջանական սահմանի Արցախի հատվածում տիրող իրադրությունը:

” ՀՀ պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանը, ՀՀ Ազգային ժողովի նախագահի տեղակալն ու ԱԺ մի շարք պատգամավորներ օգոստոսի 5-ին այցելել են Կենտրոնական կլինիկական զինվորական հոսպիտալ: Այցելության նպատակը հակառակորդի կողմից վերջին օրերին հրադադարի ռեժիմի խախտման տարբեր դեպքերի ընթացքում հրազենային վիրավորումներ ստացած և հոսպիտալում ապաքինվող զինծառայողներին տեսակցելն էր:

Ռազմաշաբաթը նաև`

Ադրբեջանում

Թուրքիայում

Մեկնաբանել

Ձեր էլ. փոստի հասցեն չի հրատարակվելու: Պարտադիր դաշտերը նշված են *