Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևն այսօր՝ օգոստոսի 6-ին, ժամանել էր սահմանամերձ Աղդամի շրջանի զորամասերից մեկը, որտեղ էլ խորհրդակցություն է անցկացրել։ Խորհրդակցության ժամանակ Ադրբեջանի պաշտպանության նախարար, գեներալ-գնդապետ Զաքիր Հասանովը զեկուցել է նախագահին առաջնագծում իրավիճակի մասին։
Ինչպես հաղորդում է ադրբեջանական ԱՊԱ լրատվական գործակալությունը, խորհրդակցությունից հետո Ալիևը պարգևներ է շնորհել որոշ զինծառայողների, ինչպես նաև հաձնարարականներ տվել հրամանատարական կազմին։
Հիշեցնենք, որ հուլիսի 31-ից մինչ օրս հայ-ադրբեջանական սահմանում լարված վիճակ է։ Ադրբեջանական կողմը պարբերաբար խախտում է հրադադարի ռեժիմը, ձեռնարկում հետախուզադիվերսիոն հարձակման փորձեր, առաջնագծի տարբեր հատվածներում գրանցվել է փոխհրաձգություն։ ՊԲ պաշտոնական տվյալներով՝ նշված ժամանակահատվածում հայկական կողմն առաջնագծում ունեցել է 6 զոհ, ադրբեջանական կողմը՝ առնվազն 17։
Հավելենք, որ ՊԲ տվյալներով՝ օգոստոսի 5-ի լույս 6-ի գիշերն ադրբեջանական զինուժը դիվերսիոն ներթափանցման հերթական փորձն է նախաձեռնել, որի հետևանքով ունի մեկ զոհ ու մի քանի վիրավոր։ Զոհը, ինչպես հաղորդում է ՊԲ-ն, Սահիլ Յաշար օղլու Թառլանլըն է, որի զոհվելու փաստն Ադրբեջանի ՊՆ-ն հաստատել է։ Բացի այդ, ադրբեջանական կողմը հիշատակում է 20-ամյա զինծառայող Ֆարհադ Ազադ օղլու Ռահիմովին՝ որպես «հայկական գնդակից» վիրավոր առաջնագծում։