Ադրբեջանն առաջնագծում կասկածելի պայմաններում գրանցված կորուստ ունի

Ադրբեջանի զինված ուժերի զինծառայող Սահիլ Յաշար օղլու Թերլանլին մահացել է ստացած հրազենային վնասվածքներից առաջնագծի հատվածում։ Ադրբեջանական կողմը վկայում է՝ զինծառայողի մահվան հանգամանքները դեռ պարզ չեն։ Նույնիսկ չի հաղորդվում՝ արդյոք այս կորուստը մարտական է, թե ոչ։
Այդուհանդերձ, Ադրբեջանի պաշտպանության նախարարության մամուլի ծառայությունը հաստատել է տեղեկությունը՝ հավելելով, որ զինծառայողի մահվան առնչությամբ զինդատախազությունը հարուցել է քրեական գործ, ընթանում է հետաքննություն։

Նկատենք, որ հուլիսի 31-ից մինչ օրս իրավիճակն առաջնագծում լարված է, ադրբեջանական կողմը հետախուզադիվերսիոն հարձակման փորձեր է իրականացնում, ինչի հետևանքով կորուստներ է ունենում։ Հաշվի առնելով առաջնագծում դրությունը, Ադբեջանի ՊՆ-ի՝ մարտական կորուստները կոծկելու քաղաքականությունը՝ չի բացառվում, որ այս զինծառայողը հերթական մարտական պայմաններում սպանվածը լինի։

Հետևելով ադրբեջանական բաց աղբյուրների տվյալներին՝ ադրբեջանական զինուժը 2014-ի օգոստոսին ունի արդեն 20 զոհ։