Ռազմաշաբաթ. Ադրբեջան. մայիսի 4-10

Զորավարժության ժամանակ վիրավորվել են Ադրբեջանի ԶՈւ 2 զինծառայող: Ադրբեջանում սահմանապահ է վիրավորվել: Ադրբեջանում զորացրել են զինծառայողի՝ ոչ ավանդական սեռական կողմնորոշման համար: Զորավարժություններ՝ Ադրբեջանում: ՌԾՈւ-ում ձերբակալությունները շարունակվում են:

Ադրբեջանում ավարտվել են ՆԱՏՕ-ի գնահատողական «Գարահեյբաթ-2014» վարժանքները

Ադրբեջանում ավարտվել են ՆԱՏՕ-ի գնահատողական «Գարահեյբաթ-2014» վարժանքները

Ադրբեջանական զինուժը հաղորդում է 2014-ի մայիսին գրանցված իր առաջին վիրավորների մասին։ Մայիսի 2-ին՝ երեկոյան ժամերին, Ադրբեջանի զինված ուժերի՝ առաջնագծին մոտ տեղակայված ուսումնական կենտրոնում, զորավարժությունների ընթացքում թեթև վիրավորում են ստացել 2 զինծառայողներ։

Ադրբեջանի պետական սահմանապահ ծառայության զինծառայող Ռասուլ Քյամրան Ռաֆիգ օղլուն, համաձայն պաշտոնական վարկածի՝ խախտելով անվտանգության կանոնները, ազդանշանային ատրճանակից կրակ է բացել և վիրավորել ոտքը։

Ադրբեջանի պաշտպանության նախարարության՝ Ադրբեջանի հարավարևելյան Սալյանի շրջանի Խըդըրլը գյուղի տարածքում տեղակայված կարգապահական զորամասում Ադրբեջանի Կտտանքների դեմ հանձնաժողովը մշտադիտարկում է իրականացրել, որի արդյունքում պարզվել է՝ վերջին տարիների ընթացքում զորամասից զորացրել են մեկ զինծառայողի իր ոչ ավանդական սեռական կողմնորոշման համար։

Ադրբեջանի պաշտպանության նախարարության զորամասերում, որոնք տեղեկայված են Բեյլագանի շրջանում և սահմանակից են Արցախի Մարտունու շրջանին, ընթացել են վարժանքներ՝համապատասխան Ադրբեջանի պաշտպանության նախարար, գեներալ-գնդապետ Զաքիր Հասանովի հաստատած 2014-ի մարտական պատրաստվածության ծրագրի:

Մայիսի 8-ին ավարտվել են մայիսի 5-ից մեկնարկած Ադրբեջանի ԶՈւ մոտոհրաձգային գումարտակի՝ ՆԱՏՕ-ի երկրորդ աստիճանի գնահատողական վարժանքները։ Ըստ աղբյուրի՝ արևելյան Ղարադաղի շրջանի Գարահեյբաթի զորավարժարանում ընթացած վարժանքներին մասնակցել է ԶՈւ անձնակազմից 900 հոգի, 100 միավոր զրահատեխնիկա, 4 միավոր ուղղաթիռ։

-Մայիսի 8-ին հայտնի է դարձել՝ Ադրբեջանի ԶՈւ-ն վարժանքներ է իրականացրել ռազմաօդային ուժերի այն զորամասերից մեկում, որտեղ սպասարկում են անցնում Ս-300ՊՄՈՒ-2 զենիթահրթիռային համակարգերը (ԶՀՀ):

-Ադրբեջանը ՌԴ-ի հետ դեռևս 2011-ին կնքել էր Տ-90Ս տանկերի ձեռքբերման շուրջ 320 մլն ԱՄՆ դոլար արժողությամբ պայմանագիր։ 2014-ի մայիսին հայտնի է դարձել, որ Ադրբեջանը նաև սույն տանկերի վարժասարքեր է պատվիրել։

-1990-ին Շուշի քաղաքում ծնված, Ադրբեջանի քաղաքացի Շիրազի Շաքիր օղլու Հուսեյնովը, որը, ադրբեջանական կողմի վկայությամբ, մարտնչում էր Սիրիայում Բաշար Ասադի կողմնակիցների շարքերում, սպանվել է վերջերս «Սիրիայի ազատ բանակ» խմբավորման դեմ մարտերում։

Ադրբեջանի մայրաքաղաք Բաքվից 35 կմ հեռավորության վրա՝ Կասպից ծովի ափին տեղակայված, շուրջ 400 հազար բնակիչ ունեցող Սումգայիթ քաղաքն աչքի է ընկնում այստեղից Սիրիա կռվելու մեկնած զինյալների զգալի թվով։

Վերջերս Ադրբեջանի ռազմական պատմության թանգարանի տնօրեն վերանշանակված, ԶՈւ գնդապետ Ռուֆաթ Ամիրովն Ադրբեջանի պաշտպանության նախարար, գեներալ-գնդապետ Զաքիր Հասանովի հրամանով հեռացվել է պաշտոնից և նշանակվել ՊՆ հանրային կապերի և բարոյահոգեբանական պատրաստության վարչության պետ։

Բաքվի ռազմական դատարանի փոխանցմամբ՝ Ադրբեջանի ռազմածովային ուժերի համակարգում հայտնաբերվել են հերթական օրինախախտումները, որոնց հետևանքով ձերբակալվել է ևս երկու սպա։ 

Մայիսի 8-ին Բաքվի դատարանը մերժել է Ադրբեջանի ռազմածովային ուժերի նախկին հրամանատար, փոխծովակալ Շահին Սուլթանովի՝ 3 ամիս սահմանած ժամանակավոր կալանքը հանելու հայցը։

Ադրբեջանի պաշտպանության նախարար, գեներալ-գնդապետ Զաքիր Հասանովը մայիսի 8-ին ընդունել է Իտալիայի Սենատի՝ պաշտպանական հարցերի գծով հանձնաժողովի  նախագահ Նիկոլ Լաթորեին։

Խորվաթիայի զինված ուժերի գլխավոր շտաբի պետ, գեներալ Դարագո Լովրիչը մայիսի 6-ին ժամանել է Ադրբեջան պաշտոնական այցով։ Նա հանդիպել է Ադրբեջանի զինված ուժերի գլխավոր շտաբի պետ, գեներալ-գնդապետ Նաջմեդին Սադիգովին։

-Մայիսի 9-ին մահացել է Ադրբեջանի զինված ուժերի բժշկական ծառայության, պահեստազորի գեներալ-մայոր, 76-ամյա Դաղլար Մամեդ օղլու Աբդուլաևը։

Ռազմաշաբաթը նաև՝

Հայաստանում

Թուրքիայում

Վրաստանում

Իրանում

Մեկնաբանել

Ձեր էլ. փոստի հասցեն չի հրատարակվելու: Պարտադիր դաշտերը նշված են *