Ադրբեջանի պաշտպանության նախարարության՝ Ադրբեջանի հարավարևելյան Սալյանի շրջանի Խըդըրլը գյուղի տարածքում տեղակայված կարգապահական զորամասում Ադրբեջանի Կտտանքների դեմ հանձնաժողովը մշտադիտարկում է իրականացրել, որի արդյունքում պարզվել է՝ վերջին տարիների ընթացքում զորամասից զորացրել են մեկ զինծառայողի իր ոչ ավանդական սեռական կողմնորոշման համար։
Ինչպես հաղորդում է ադրբեջանական ԱՊԱ լրատվական գործակալությունը, հղում տալով հանձնաժողովի նախագահ, իրավապաշտպան Էլչին Բեհբութովի խոսքերին, սույն զորամասում ներկայումս ծառայություն է անցնում 52 հոգի, և նրանց զգալի մասը դասալքության հարցում մեղադրվող կամ ծառայակիցների միջև արձանագրված միջադեպերի մասնակից զինծառայողներ են։
Նկատենք, որ ադրբեջանական մամուլը հազվադեպ է տվյալներ հրապարակում այս կամ այն զորամասի ստույգ տեղակայման և դրանում ծառայություն անցնողների թվի վերաբերյալ։ Այնուհանդերձ, իրավապաշտպանն իր խոսքում չի հստակեցնում՝ ինչ ժամանակային սահմաններին են վերաբերում ներկայացված տվյալները։