Նոր տվյալներ Սումգայիթից Սիրիա մեկնող ադրբեջանցի զինյալների մասին

Ադրբեջանի մայրաքաղաք Բաքվից 35 կմ հեռավորության վրա՝ Կասպից ծովի ափին տեղակայված, շուրջ 400 հազար բնակիչ ունեցող Սումգայիթ քաղաքն աչքի է ընկնում այստեղից Սիրիա կռվելու մեկնած զինյալների զգալի թվով։

Ադրբեջանի զինյալներ՝ Սիրիայում

Ադրբեջանի զինյալներ՝ Սիրիայում

Խնդրին անդրադարձել է Еurasianet.org հեղիանակավոր կայքը։

Սումգայիթի 36-ամյա բնակիչ Ռասուլը, որը խնդրել է կայքի թղթակցին չհրապարակել իր ազգանունը, պատմել է՝ 2013-ին իր կրտսեր եղբայրը՝ Զաուրը, որն այդ ժամանակ 32 տարեկան էր, ևս 5 ադրբեջանցի զինյալի հետ միասին սպանվել է Հալեպի մարտերում։ Նա եղբոր սպանության մասին տեղեկացել է ադրբեջանական հեռուստաընկերություններից մեկի տեսանյութից, որտեղ ներկայացրել են Զաուրի անձնագիրը և շեշտել՝ նա ադրբեջանցի զինյալների դաշտային հրամանատարներից էր։ Ռասուլը հավաստիացրել է՝ եղբայրը գումարի կարիք չի ունեցել, 2009-ից սկսել է տարվել ծայրահեղ իսլամիզմով, իսկ 2012-ին հավաքել է իրերն ու մեկնել անհայտ ուղղությամբ։ Որոշ ժամանակ անց զանգահարել է եղբորն ու ասել, որ աշխատանք է գտել Թուրքիայում։

Ներկա դրությամբ Ռասուլի ուսերին են սպանված եղբոր 3 երեխաների հոգսերը։ Նա ակնարկել է՝ խնդիրներ ունի տեղական ինքնակառավարման մարմնի ներկայացուցիչների հետ՝ եղբոր՝ Սիրիայում կռվելու և սպանվելու պատճառով, բայց հրաժարվել է մանրամասնել։

Նկատենք, որ քաղաքագետ, հակամարտությունների գծով մասնագետ Արիֆ Յունուսովի խոսքերով՝ Սումգայիթում ծայրահեղ իսլամիստական գաղափարների՝ լայնորեն տարածված լինելը պայմանավորված է նրանով, որ քաղաքը, մինչև ԽՍՀՄ-ի փլուզումը խոշոր արդյունաբերական կենտրոն լինելով, գործարանների մեծ մասի փակվելուց և Արցախյան հակամարտության հետևանքով փախստականների ժամանակավոր կացարանի վերածվելուց հետո դարձել է պարարտ հող ծայրահեղական գաղափարներ քարոզելու համար։

Еurasianet.org կայքի լրագրողն ընդգծում է՝ ծայրահեղականները քարոզում են ոչ միայն տղամարդկանց, այլև կանանց շրջանում, բացի այդ էլ իրենց շարքերում կան երեխաներ։

Լրագրողը վկայում է՝ Սումգայիթում բնակչության մեծ մասը չի ցանկացել պատասխանել հարցերին և վախեցել է մանրամասներ հայտնել, միայն հավաստիացրել է՝ քաղաքում արդեն կան Սիրիայից վերադարձած զինյալներ, որոնք դեռևս օրենքի շրջանակներում չեն պատժվել, մինչդեռ նրանց սպառնում է 11-15 տարի ազատազրկում։

Հավելենք, որ 2014-ի ապրիլի վերջին Ադրբեջանի՝ Սումգայիթի ոստիկանական բաժանմունքը տվյալներ էր տրամադրել Սիրիայում կռվող ադրբեջանցիների վերաբերյալ։

Պաշտոնական տվյալներով՝ վերջին 5 տարիների ընթացքում Սումգայիթից Պակիստան, Աֆղանստան ու Սիրիա են մեկնել 40 հոգի, հաշվառման ցուցակներում ընդգրկված են ավելի քան 230-ը։

Այսպես, 2014-ի ապրիլի 1-ին ադրբեջանական կայքերը հաղորդել են Սիրիայում սպանված ադրբեջանցու մասին, նա ոմն «Աբդուլ Մեթինն» էր, (իրական անունը՝ Էլշադ), Սումգայիթի բնակիչ էր։

Մարտի 31-ին ադրբեջանական կայքերի փոխանցմամբ՝ պարզվել է ևս երկու ադրբեջանցիների ինքնությունը, որոնք սպանվել են Սիրիայում՝ Բաշար Ասադի համախոհների ուժերի դեմ մարտերում։ Նրանք երկուսն էլ Սումգայիթի բնակիչներ էին։ Նրանցից մեկը՝ Զահիդ Նասիրովը՝ «Աբդուլվահիդ» մականունով, Սումգայիթից է սերում, իսկ մյուսը՝ Թամերլան Մամեդովը՝ «Րաբբանի» մականունով, Կուբաթլուի շրջանից է, 1994-ին կնքված հրադադարից հետո տեղափոխվել է Սումգայիթ։

Մարտի 28-ին «Իրաքի և Լևանտի իսլամական պետություն» իսլամիստական խմբավորման անդամ ադրբեջանցի 2 սպանված զինյալներից մեկի մականունը «Իբրահիմ Սումգայիթլը»  էր, նա ամենայն հավանականությամբ Սումգայիթից էր։

Մարտի 26-ին ադրբեջանական կայքերը տեղեկացրել են Սիրիայի տարածքում սպանված 12 ադրբեջանցի զինյալների մասին, որոնցից մեկը՝ Ջեյհուն Ալիևն է, որը եղել է Ադրբեջանի ըմբշամարտի հավաքականի կազմում, Ադրբեջանի չեմպիոն է եղել 2012-ին ու նույն տարի դարձել Եվրոպայի ըմբշամարտի պատանեկան առաջնության հաղթող։

Ադրբեջանական լրատվակայքերը փետրվարի 14-ին հաղորդում են Սիրիայում սպանված ևս 5 ադրբեջանցի զինյալների անուններ, որոնք սերում են Սումգայիթ քաղաքից։

2014-ի փետրվարի 6-ին հայտնի է դարձել Սումգայիթից սերող 2 զինյալի սպանության մասին։ Մեկի անունը Ֆիրազ է, համացանցում հայտնվել են նրա լուսանկարների կյանքի օրոք և սպանված վիճակում։ Սպանված երկրորդ զինյալի մականունը «Զիքո» է։

2014-ի հունվարի 13-ին Սիրիայում սպանվել է նախագահ Բաշար Ասադի կողմնակիցների դեմ մարտնչող «Իրաքի և Լևանտի իսլամական պետություն» խմբավորման զինյալ, ադրբեջանցի Ազադն «Աբդուրահման» մականվամբ: Նա  ծնվել է Սումգայիթում, սպորտի վարպետ էր բռնցքամարտի գծով:

Նշենք նաև, որ հունվարի 17-ին հայտնի է դարձել, որ Սումգայիթի ոստիկանության վարչության տվյալներով՝ քաղաքում ձերբակալվել է Սիրիայից վերադարձած ծայրահեղ իսլամիստ 1988-ին ծնված ոմն Ռասիմ Բադալովը։ Դա թերևս առաջին դեպքն էր, երբ Ադրբեջանը հաղորդում էր Սիրիայից վերադարձած իր զինյալի մասին։

Տե´ս նաև։ Ադրբեջանի առաջին պաշտոնական տվյալները Սիրիա մեկնող իր քաղաքացիների խնդրի շուրջ

Մեկնաբանել

Ձեր էլ. փոստի հասցեն չի հրատարակվելու: Պարտադիր դաշտերը նշված են *