Հայտնի է Սիրիայում սպանված ևս 2 ադրբեջանցի զինյալների ինքնությունը

Ադրբեջանական լրատվամիջոցների փոխանցմամբ՝ պարզվել է ևս երկու ադրբեջանցիների ինքնությունը, որոնք սպանվել են Սիրիայում՝ Բաշար Ասադի համախոհների ուժերի դեմ մարտերում։ Նրանք երկուսն էլ Սումգայիթի բնակիչներ էին։

Թամերլան Մամեդով՝ «Րաբբանի» մականունով

Թամերլան Մամեդով՝ «Րաբբանի» մականունով

Ինչպես հաղորդում է ադրբեջանական ԱՊԱ լրատվական գործակալությունը, ներկայացնելով զինյալների լուսանկարները, երկուսն էլ սպանվել են «դիպուկահարի գնդակից գլխին ստացած հրազենային վնասվածքից»։
Նրանցից մեկը՝ Զահիդ Նասիրովը՝ «Աբդուլվահիդ» մականունով, Սումգայիթից է սերում, իսկ մյուսը՝ Թամերլան Մամեդովը՝ «Րաբբանի» մականունով, Կուբաթլուի շրջանից է, 1994-ին կնքված հրադադարից հետո տեղափոխվել է Սումգայիթ։

Զահիդ Նասիրով՝ «Աբդուլվահիդ» մականունով

Զահիդ Նասիրով՝ «Աբդուլվահիդ» մականունով

Նկատենք, որ անցած շաբաթ ադրբեջանական Jam.az լրատվակայքը հաղորդել էր Սիրիայում սպանված 15, իսկ ԱՊԱ-ն՝ 12 ադրբեջանցու մասին։ Պարզ չէ՝ արդյոք վերոհիշյալ 2 զինյալներն այս 15 սպանվածների շարքում են, թե նրանք մահացել են վերջին օրերին Սիրիայում ընթացող մարտերում։
Այնուամենայնիվ, մարտ ամսվա ընթացքում ադրբեջանական մամուլի հաղորդած, Սիրիայում սպանված ադրբեջանցի զինյալները հիմնականում Սումգայիթի բնակիչներ են եղել։
Հիշեցնենք, որ Վերջին շրջանում Ադրբեջանում փորձ է արվում Սիրիայում կռվող ադրբեջանցիների հարցը բերել իրավական դաշտ, սակայն Միլլի մեջլիսի ընդունած օրինագծերի համաձայն՝ Քրեական օրենսգրքում սպասվելիք փոփոխությունները ազատազրկում են ապահովում թերևս ոչ թե կոնկրետ Սիրիա մեկնող ադրբեջանցիների, այլ նրանց մեկնել դրդող անձանց (ըստ երևույթին մզկիթների կրոնական համայնքների ներկայացուցիչների) համար։
Սիրիայում ադրբեջանցի զինյալների կռվելու վերաբերյալ լուրերը սկսել են մեծ թիվ կազմել ադրբեջանական մամուլում 2013-ի վերջից։ Ընդ որում, մինչ օրս անհայտ են դրանց սկզբնաղբյուրները։
Այնուհանդերձ, հաստատապես կարող ենք ասել՝ զինյալներից մի քանիսի դիակների լուսանկարները սոցցանցային էջերում տարածվել էին շատ ավելի վաղ, քան դրանց մասին սկսել են հաղորդել ադրբեջանական լրատվամիջոցները։
Ադրբեջանի պատկան մարմինները, մասնավորապես՝ արտգործնախարարությունը, մինչ օրս հստակ վիճակագրություն այս հարցում չեն ներկայացրել, բայց գործընթացը կասեցված չէ, քանի որ լուծված չեն Սիրիա մեկնելուն նպաստող դրդապատճառները՝ սոցիալական կարիքը, ծայրահեղ իսլամիստական գաղափարների տարածումը, Սիրիա մեկնող ադրբեջանցիների թեմայի առժամանակ անտեսումն Ադրբեջանի պատկան մարմինների կողմից։

Մեկնաբանել

Ձեր էլ. փոստի հասցեն չի հրատարակվելու: Պարտադիր դաշտերը նշված են *