Ադրբեջանը հաղորդում է Սիրիայում ևս 2 զինյալների կորստի մասին

Ադրբեջանական լրատվակայքերի փոխանցմամբ՝ Սիրիայում Բաշար Ասադի կողմնակիցների ուժերի դեմ մարտնչող «Իրաքի և Լևանտի իսլամական պետություն» իսլամիստական խմբավորման անդամ ադրբեջանցի 2 զինյալներ օրերս սպանվել են մարտերում։

«Սեյֆուլլահ Շեքլի» մականունով զինյալը

«Սեյֆուլլահ Շեքլի» մականունով զինյալը

Ինչպես հաղորդում է ադրբեջանական ԱՊԱ լրատվական գործակալությունը, հղում տալով Սիրիայի զինյալների սոցցանցային էջերին, սպանվածներից մեկը կրում էր «Իբրահիմ Սումգայիթլը» մականունը, մյուսը՝ «Սեյֆուլլահ Շեքլի»։ Ուստի, կարելի է ենթադրել, որ առաջինը սերում էր Սումգայիթից, երկրորդը՝ Շաքիի շրջանից։

ԱՊԱ-ն պարզել է նրանց իրական անունները։ Սումգայիթի բնակիչ զինյալը Ռուֆաթ Աշուրովն է, Շաքիի բնակիչը՝ Ռուսլան Մամեդովը։

Հիշեցնենք, որ երեկ՝ մարտի 27-ին, ԱՊԱ-ն տեղեկացրել էր ևս երկու ադրբեջանցի զինյալների մահվան մասին, իսկ ավելի վաղ՝ 12 ադրբեջանցու, որոնցից մեկն ըմբշամարտի Ադրբեջանի առաջնության չեմպիոն էր։

Վերջին շրջանում Ադրբեջանում փորձ է արվում Սիրիայում կռվող ադրբեջանցիների հարցը բերել իրավական դաշտ, սակայն Միլլի մեջլիսի ընդունած օրինագծերի համաձայն՝ Քրեական օրենսգրքում սպասվելիք փոփոխությունները ազատազրկում են ապահովում թերևս ոչ թե կոնկրետ Սիրիա մեկնող ադրբեջանցիների, այլ նրանց մեկնել դրդող անձանց (ըստ երևույթին մզկիթների կրոնական համայնքների ներկայացուցիչների) համար։

Սիրիայում ադրբեջանցի զինյալների կռվելու վերաբերյալ լուրերը սկսել են մեծ թիվ կազմել ադրբեջանական մամուլում 2013-ի վերջից։ Ընդ որում, մինչ օրս անհայտ են դրանց սկզբնաղբյուրները։

Այնուհանդերձ, հաստատապես կարող ենք ասել՝ զինյալներից մի քանիսի դիակների լուսանկարները սոցցանցային էջերում տարածվել էին շատ ավելի վաղ, քան դրանց մասին սկսել են հաղորդել ադրբեջանական լրատվամիջոցները։

Ադրբեջանի պատկան մարմինները, մասնավորապես՝ արտգործնախարարությունը, մինչ օրս հստակ վիճակագրություն այս հարցում չեն ներկայացրել, բայց գործընթացը կասեցված չէ, քանի որ լուծված չեն Սիրիա մեկնելուն նպաստող դրդապատճառները՝ սոցիալական կարիքը, ծայրահեղ իսլամիստական գաղափարների տարածումը, Սիրիա մեկնող ադրբեջանցիների թեմայի առժամանակ անտեսումն Ադրբեջանի պատկան մարմինների կողմից։

Տե´ս նաև։ Ադրբեջանը քաղում է ադրբեջանցի զինյալների հարցում վարած քաղաքականության պտուղները

One response to “Ադրբեջանը հաղորդում է Սիրիայում ևս 2 զինյալների կորստի մասին

  1. Pingback: Համացանցում տարածվել է Սիրիայում սպանված ադրբեջանցիների մասին հերթական տեսանյութը | Ռազմ.info

Մեկնաբանել

Ձեր էլ. փոստի հասցեն չի հրատարակվելու: Պարտադիր դաշտերը նշված են *