Ռուսաստանը կարող է Ս-400 համակարգեր վաճառել Չինաստանին

Ռուսաստանը կարող է հակաօդային պաշտպանության Ս-400 Տրիումֆ զենիթահրթիռային համակարգեր վաճառել Չինաստանին։ Վերջինս այս համակարգերի նկատմամբ հետաքրքրություն է ցուցաբերում դեռևս 2012-ից, սակայն Մոսկվան չէր շտապում թույլատրել դրանց վաճառքը Չինաստանին՝ տարակուսելով որ այնտեղ կարող են կրկնօրինակել զինատեսակը։ Սակայն այժմ՝ ռուսաստանյան «Կոմերսանտ» պարբերականի հաղորդմամբ, ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը սկզբունքորեն հավանություն է տվել այդ համակարգերի մատակարարմանը։ Նման որոշում ընդունելու դրդապատճառները դեռևս հայտնի չեն։

Ս-400 ԶՀՀ

Պարբերականի թղթակցի հետ զրույցում ՌԴ ռազմատեխնիկական համագործակցության դաշնային ծառայության տնօրեն Ալեքսանդր Ֆոմինը հայտնել է, որ հակաօդային պաշտպանության Ս-400 Տրիումֆ (ռուս.՝ С-400 Триумф) զենիթահրթիռային համակարգերի վաճառքի շուրջ բանակցությունները Չինաստանի հետ շարունակվում են։ Պարբերականի կրեմլյան աղբյուրն իր հերթին հայտնել է, որ ՌԴ նախագահը հավանություն է տվել վաճառքին 2014-ի սկզբին և հավելել, որ դա որևէ կերպ կապված չէ արևմտյան երկրների հետ Ռուսաստանի ունեցած հարաբերությունների սրումով, որը նկատվում է վերջին շրջանում՝ պայմանավորված ղրիմյան իրադարձություններով։

Ներկայումս Չինաստանի հետ տարվում են բանակցություններ Ս-400 Տրիումֆ զենիթահրթիռային համակարգերի (ԶՀՀ) 2-ից 4 դիվիզիոնի վաճառքի շուրջ։ Համեմատության համար նշենք, որ 2007-ին Չինաստանը ՌԴ-ից գնել էր Ս-300ՊՄՈւ2 (ռուս.՝С-300ПМУ2) ԶՀՀ-ների 15 դիվիզիոն, որոնք ապահովում են մայրաքաղաք Պեկինի, ինչպես նաև Շանհայի ու մի քանի այլ խոշոր քաղաքների օդային սահմանների անձեռնմխելիությունը։

Նշենք, որ Ռուսաստանը հատկապես վերջին տարիներին բավական մեծ ծավալի սպառազինություն է մատակարարում Չինաստանին։ Միայն 2013-ին կողմերի միջև կնքվել են շուրջ 1.8 միլիարդ դոլար ընդհանուր արժողությամբ ռազմական պայմանագրեր։

Հակաօդային պաշտպանության Ս-400 Տրիումֆ ԶՀՀ-ն նախատեսված է ինքնաթիռների, ինչպես նաև բալիստիկ հրթիռների խոցման համար։ Համակարգը օդային թիրախները կարող է տեսնել մինչև 600 կմ հեռավորության վրա։ Աերոդինամիկ թիրախները (ինքնաթիռներ) կարող է խոցել մինչև 400 կմ հեռավորության վրա։ Բալիստիկ թիրախների դեպքում ցուցանիշը 60 կմ է։

Հավելենք, որ Չինաստանի ռազմական արդյունաբերության արտադրանքի շարքում ի թիվս այլ զինատեսակների առկա է նաև հակաօդային պաշտպանության HQ-9 զենիթահրթիռային համակարգը, որը սակայն մարտավարատեխնիկական իր տվյալներով զգալիորեն զիջում է ռուսաստանյան ԶՀՀ-ներին։ HQ-9-ը օդային թիրախները կարող է խոցել մինչև 200 կմ հեռավորության վրա։

 

Մեկնաբանել

Ձեր էլ. փոստի հասցեն չի հրատարակվելու: Պարտադիր դաշտերը նշված են *