Մկրտիչ Տոնոյանը պատմում է «մերժվածների» մասին. մի նկարի պատմություն

Ռազմինֆոն սկսում է հեղինակային նոր շարք։ Հին լուսանկարների մասին իրենց հիշողությունները, պատմությունները տարիներ անց պատմում են նկարի հերոսները։ Մեր զրուցակիցը «Ազգային լեգիոն» ջոկատի համահիմնադիր, ազատամարտիկ Մկրտիչ Տոնոյանն է:

Երևան, 1991թ.

Երևան, 1991թ.

«Սա կարծեմ 1991 թվականն է։ Տղերքով ֆոտոյում նկարվեցինք, հետո Գարիկի հետ էլ առանձին նկարվեցինք: Ես փորձում եմ համազգեստից հիշել, թե որը որտեղից և երբ ենք ձեռք բերել։ Ռուսական զորամասերից էինք առնում։ Ներքևում` ձախից աջ, Էդգար Խաչատրյանն է, մյուսը` Դավիթ Ամալյանը։ Նրանք նույն դպրոցում են սովորել` Աջափնյակում, միասին էին եկել։ Մյուսը Արտեմ Պողոսյանն է, նա Էրամջանյանի անվան արվեստների ուսումնարանում կերամիկա էր սովորում։ Վերևում Գարեգին Խաչատրյանն է ու ես։ Այս նկարում Գարեգինն է, որ մահացել է»,- նկարը ձեռքն առնելով սկսում է վերհիշել Մկրտիչ Տոնոյանը: Կար ժամանակ, երբ Խորհրդային Միությունում հայրենասիրության համար պատժում էին։ Մենք քաղաքացիական հագուստով դուրս էինք գալիս, հետո` փոխվում։ Քանի տարի էր ջոկատը կար, բայց մենք կարգին նկար չունեինք։ Երբ տարբեր ճանապարհներով հագուստ ձեռք բերեցինք, հագանք, որ նկարվենք։ Ես նույնիսկ տեղն էլ եմ հիշում` նախկին Տեր-Գաբրիելյան փողոցի վրա ատամնաբուժարանի մոտ լուսանկարչատուն կար, գնացինք այնտեղ։ Բայց շորերը տեղում ենք փոխել»,- շարունակում է ազատամարտիկը:

Մկրտիչ Տոնոյան

Մկրտիչ Տոնոյան

Ռազմինֆոյի խնդրանքով Մկրտիչ Տոնոյանը պատմում է իրենց «մերժված» լինելու ու ջոկատի ստեղծման մասին: «Մեր ջոկատի տղաներով հանդիպել ենք Թատերական հրապարակում` 1988-89 թվականներին: Դեռ 15-16 տարեկան էինք, երբ շարժումը սկսվեց: Մենք էլ շատերի պես ուզում էինք մեկնել ճակատ, բայց փոքր էինք ու ջոկատներում չէին ընդունում: Ստացվեց, որ մեծերից «մերժվածներով» հանդիպեցինք: Զեյթունից 6 հոգի էինք, այլ համայնքներից էլ կային տղաներ, ովքեր մեզ պես «մերժված» էին ու ստեղծեցինք «Ազգային լեգիոնը»: Բայց քանի որ կռվել չգիտեինք՝ դիմեցինք աֆղանական պատերազմի վետերաններին, որ մեզ սովորեցնեն: Պարապմունքների արդյունքում իրենց լավ դրսևորածները պետք է դառնային «Ազգային լեգիոնի» անդամ: Փաստորեն, ունեինք ջոկատ, որտեղ ընդգրկվելու իրավունք ոչ բոլորն ունեին: Ջոկատի անդամահավաքից հետո կազմում ընդգրկվեցին անգամ 10-րդ դասարանցիները: Մեր ջոկատի հիմնական հրահանգիչներից էր Դուշման Վարդանը (Վարդան Ստեփանյան), իսկ մարզիչը` աֆղանական ջոկատից Լևոն Գևորգյանը, ով առավել հայտնի է որպես Մասիսի Լյովա: Նա պարաշյուտային սպորտի մարզիկ էր, ուսումնական թռիչքներ էր կազմակերում, հետագայում դարձավ մարտական գծով առաջին տեղակալը և մինչև վերջ եղել է մեզ հետ: Սկզբում մեր հրամանատարը Սմբատ Հակոբյանն էր: Վարժանքների ժամանակ շեշտը դրվում էր ոչ միայն ուժի, այլև գաղափարական կողմի վրա, իսկ մարտի դաշտում ինքնաբուխ վարքականոն էր ստեղծվում: Խմբի պաշտոնական անունը Ազգային լեգիոն է եղել, բայց երբ արդեն պատերազմական գործողությունների էինք մասնակցում, փոքր էինք, մեծերը մեզ կնքեցին «Ճտերի ջոկատ» անունով»,- նկարի պատմությունն ավարտում է մեր հերոսը:

Մկրտիչ Տոնոյանի հարցազրույցը Ռազմինֆոյին կարող եք կարդալ այստեղ` Մկրտիչ Տոնոյան. «Ես ռազմադաշտային մտավորական եմ»։

Մեր նախորդ նկարի պատմությունն այստեղ` Գուրգեն Մելիքյանը պատմում է Մոնթեի մասին. մի նկարի պատմություն

Նկարը` Սոսե Մուրադյանի

Մեկնաբանել

Ձեր էլ. փոստի հասցեն չի հրատարակվելու: Պարտադիր դաշտերը նշված են *