Մայիսի 8-ին Բաքվի դատարանում քննարկվել է Ադրբեջանի ռազմածովային ուժերի նախկին հրամանատար, փոխծովակալ Շահին Սուլթանովի՝ 3 ամիս սահմանած ժամանակավոր կալանքը հանելու հայցը։
Սուլթանովի փաստաբան Ադամ Մամեդովն ադրբեջանական ԱՊԱ լրատվական գործակալության հետ զրույցում նշել է՝ դատարանը հայցը մերժել է, ինչպես և իրենք սպասում էին։
Հիշեցնենք, որ Սուլթանովին մեղադրանքներ են առաջադրվել քրեական օրենսգրքի 313 (ծառայողական փաստաթղթերի կեղծում) և 179.3.2 (խոշոր չափի գումարների յուրացում) հոդվածներով։Սուլթանովը որպես կասկածյալ է հանդես գալիս արդեն իսկ հարուցված քրեական գործի շրջանակներում։ Նա կտրականապես հրաժարվում է իրեն մեղավոր ճանաչել, պնդում է, որ իրեն անհիմն ձերբակալել են ընդամենը մեկ վկայի ցուցմունքների համաձայն։
Փաստաբանը հավաստիացրել է, որ Շահին Սուլթանովը, լինելով ռազմածովային ուժերի հրամանատար, չէր կարող ֆիզիկապես կանխել այդ համակարգում ցանկացած կաշառակերության կամ փաստաթղթերի կեղծման դեպք, ուստի 2014-ի հունվարից մեկնարկած տեսչական ստուգումների արդյունքում արձանագրված խախտումների իրական մեղավորներին է պետք գտնել ու պատժել, «եթե Սուլթանովն ինքը գտներ նրանց, ապա անպայման կպատժեր»։
Տե´ս նաև։ Ադրբեջանի ռազմածովային ուժերում հերթական ձերբակալություններն են