Ադրբեջանի առաջին պաշտոնական տվյալները Սիրիա մեկնող իր քաղաքացիների խնդրի շուրջ

Ադրբեջանի տարբեր շրջանների ոստիկանական բաժանմունքները հրապարակել են Սիրիա մեկնած ադրբեջանցիների վերաբերյալ տվյալներ։ Դրանք այս պահի դրությամբ ըստ էության բաց աղբյուրներից հասանելի միակ և առաջին պաշտոնական տվյալներն են այս հարցում։

Ադրբեջանական Vesti.az լրատվակայքի լրագրողը փորձել է տարբեր շրջանների ոստիկանական բաժանմունքներից տվյալներ ճշտել՝ քանի հոգի են ձերբակալվել Սիրիայից վերադառնալուց հետո, և քանի հոգու մասին կա ստույգ տեղեկություն Սիրիայում ներկայումս կռվելու վերաբերյալ։

Ստորև ներկայացնում են կայքի տեղեկությունը մեր հավելումներով և դասակարգված ըստ շրջանների։

Իրանին սահմանակից հարավային Բիլյասուվարի քաղաքի ոստիկանական բաժանմունք” այս շրջանից Սիրիա մեկնած քաղաքացիների մասին փաստացի տեղեկություններ չկան, սակայն ապրիլի 24-ին Ադրբեջանի ազգային անվտանգության նախարարության աշխատակիցները Բիլյասուվարի անցակետում՝ Իրանի հետ սահմանին, ձերբակալել են Սիրիայից Իրանի տարածքով վերադարձած Ադրբեջանի 2 քաղաքացիների։

Խաչմազի ոստիկանական բաժանմունք-այս շրջանի 10 բնակիչ, պաշտոնական տվյալներով, մեկնել է Սիրիա և անդամակցում է իսլամիստական խմբավորումներին։ Նրանցից 3-ը սպանվել են, մյուսների սպանության վերաբերյալ փաստեր չկան, ուստի ենթադրվում է՝ մնացյալ 7-ը դեռ ողջ են։

Զագաթալա լեզգիաբնակ հյուսիսային շրջանի ոստիկանական բաժանմունք-այս շրջանից 2013-ին Սիրիա է մեկնել 4 ադրբեջանցի, նրանցից 3-ը սպանվել են, մեկը դեռ կենդանի է և մարտնչում է Սիրիայի զինյալների շարքերում։

Վրաստանին սահմանակից հյուսիսարևմտյան Գախի շրջանի ոստիկանական բաժանմունք-այս շրջանից Սիրիա են գնացել 6 քաղաքացիներ, նրանցից 2-ը սպանվել են շուրջ 2 ամիս առաջ։ Սպանվածներից մեկը, կարծում ենք,  1981-ին ծնված Իբրահիմ Քերիմովն է, մականունը՝ «Ջունդուլա Ազերի», նա սպորտի վարպետ է եղել։ Մյուսը 1987-ին ծնված Սամիր Սադեդին օղլու Մաղերամովն է։ Ադրբեջանական ԱՊԱ լրատվական գործակալության փոխանցմամբ՝ Քերիմովը Սիրիա է մեկնել մեկ տարի առաջ կնոջ ու 3 երեխաների հետ։ Նրանց մասին ադրբեջանական մամուլը տեղեկացրել էր ապրիլի 10-ին։

Ոստիկանական բաժանմունքի տվյալներով՝ Մաղերամովի կինն ամուսնացել է Սիրիայում մեկ այլ զինյալի հետ, և նա նույնիսկ ցանկության դեպքում էլ չի կարող հայրենիք վերադառնալ, քանի որ զինյալները նրան թույլ չեն տա։

Բացի այդ, ադրբեջանական լրատվամիջոցները հունվարի 11-ին հայտնել էին Սիրիայում Բաշար Ասադի կողմնակիցների դեմ մարտերում սպանված «Սամիր Գախլը» մականունով զինյալի մասին։ Դատելով զինյալի մականունից՝ նա  ևս Ադրբեջանի Գախի շրջանից էր։ Նրա սպանության մասին ոստիկանությունը փաստորեն չի նշում կամ տեղեկություններ չունի։

Արցախին սահմանակից Եվլախի շրջանի ոստիկանական բաժանմունք-այս շրջանից Սիրիա է մեկնել 4 քաղաքացի։ Բացի այդ, Եվլախում է բնակվում նրանցից մեկի ընտանիքը։ Ընտանիքի անդամները պնդում են՝ զինյալն իրականում Սիրիայում չէ, այլ Թուրքիայում է։

Հյուսիսարևմտյան, Կասպից ծովի ափին տեղակայված Շաբրան քաղաքի ոստիկանական բաժանմունք-այս շրջանում գրանցել են 22 հոգու, որոնք Սիրիայում են։ Նրանցից 7-ը սպանվել են։ Բացի այդ, բաժանմունքը հաշվառել է «Սիրիայի իսլամիստների նկատմամբ համակրանք ունեցող ևս 80 հոգու»։

Հյուսիսային Օղուզ  (մինչև 1991-ը՝ Վարդաշեն), նախկինում ուդիաբնակ քաղաքի ոստիկանական բաժանմունք-հաշվառել են 3 հոգու։

Հյուսիսարևելյան Ղուբայի շրջանի ոստիկանական բաժանմունք-Սիրիայի իսլամիստներին միացել է շրջանի 1 բնակիչ, ևս 4-ը հաշվառման մեջ են։

Հյուսիսարևմտյան, ՌԴ-ի սահմանին կից Շաքիի շրջանի ոստիկանական բաժանմունք-9 հոգի մեկնել են Սիրիա, նրանցից սպանված են 2-ը։ Շրջանի բնակիչների խոսքերով՝ ոստիկանական բաժանմունքը չի գրանցել մի քանի բնակիչների, որոնք ընտանիքներով մեկնել են Սիրիա։

Ադրբեջանական լրատվամիջոցները հունվարի 29-ին հայտնել էին Սիրիայում սպանված հերթական ադրբեջանցի զինյալի մասին, որը Շեքիի շրջանի բնակիչ էր։ Նույն անունով զինյալի մահվան վերաբերյալ նյութ էր հրապարակվել դեռևս 2013-ի ապրիլի սկզբին։

Շաքիից սերող մեկ այլ զինյալի՝ «Սեյֆուլլահ Շեքլի» սպանության մասին հայտնի է դարձել 2014-ի մարտի 28-ին։ Շաքիի շրջանից էր Սիրիա մեկնել նաև Սալահադին անունով ադրբեջանցի զինյալը, որի սպանության մասին հաղորդվել է 2014-ի մարտի 27-ին։ Այս 3 զինյալներից 2-ը, ամենայն հավանականությամբ, ոստիկանության հիշատակված 2 սպանվածներն են, իսկ մեկի մասին ոստիկանությունը կամ լռում է կամ ստույգ տվյալներ չի հավաքագրել։

Հարավային, թալիշաբնակ Մասալլըի շրջանի և հարավարևմտյան, ավար բնակչության առկայությամբ Բալաքենի շրջանի ոստիկանական բաժանմունքներ-այս երկու շրջաններում հաստատել են՝ Սիրիա մեկնող քաղաքացիներ կան, բայց նրանց ստույգ թվաքանակը դեռևս հայտնի չէ։

Հյուսիսարևմտյան լեզգիաբնակ Գուսարի շրջանի ոստիկանական բաժանմունք-այս շրջանից Սիրիա է մեկնել ավելի քան 15 ադրբեջանցի։ Ըստ երևույթին, դրանց շարքում է  «Սեյֆուլլահ լեզգին», ով մարտնչել է Բաշար Ասադի կողմնակիցների զորքերի դեմ «Ալ Նուսրայի ճակատ» իսլամիստական խմբավորման շարքերում, սպանվել է հունվարի 19-ին։ Դատելով մականունից և ծննդավայրից՝ ամենայն հավանականությամբ նա լեզգի է։ Նրա լուսանկարը չի հրապարակվել։

Մայրաքաղաք Բաքվից 30 կմ դեպի հյուսիս, Կասպից ծովի ափին տեղակայված Սումգայիթ քաղաքի ոստիկանական բաժանմունք-պաշտոնական տվյալներով՝ վերջին 5 տարիների ընթացքում Սումգայիթից Պակիստան, Աֆղանստան ու Սիրիա են մեկնել 40 հոգի, հաշվառման ցուցակներում ընդգրկված են ավելի քան 230-ը։

Այսպես, 2014-ի ապրիլի 1-ին ադրբեջանական կայքերը հաղորդել են Սիրիայում սպանված ադրբեջանցու մասին, նա ոմն «Աբդուլ Մեթինն» էր, (իրական անունը՝ Էլշադ), Սումգայիթի բնակիչ էր։

Մարտի 31-ին ադրբեջանական կայքերի փոխանցմամբ՝ պարզվել է ևս երկու ադրբեջանցիների ինքնությունը, որոնք սպանվել են Սիրիայում՝ Բաշար Ասադի համախոհների ուժերի դեմ մարտերում։ Նրանք երկուսն էլ Սումգայիթի բնակիչներ էին։ Նրանցից մեկը՝ Զահիդ Նասիրովը՝ «Աբդուլվահիդ» մականունով, Սումգայիթից է սերում, իսկ մյուսը՝ Թամերլան Մամեդովը՝ «Րաբբանի» մականունով, Կուբաթլուի շրջանից է, 1994-ին կնքված հրադադարից հետո տեղափոխվել է Սումգայիթ։

Մարտի 28-ին «Իրաքի և Լևանտի իսլամական պետություն» իսլամիստական խմբավորման անդամ ադրբեջանցի 2 սպանված զինյալներից մեկի մականունը «Իբրահիմ Սումգայիթլը»  էր, նա ամենայն հավանականությամբ Սումգայիթից էր։

Մարտի 26-ին ադրբեջանական կայքերը տեղեկացրել են Սիրիայի տարածքում սպանված 12 ադրբեջանցի զինյալների մասին, որոնցից մեկը՝ Ջեյհուն Ալիևն է, որը եղել է Ադրբեջանի ըմբշամարտի հավաքականի կազմում, Ադրբեջանի չեմպիոն է եղել 2012-ին ու նույն տարի դարձել Եվրոպայի ըմբշամարտի պատանեկան առաջնության հաղթող։

Ադրբեջանական լրատվակայքերը փետրվարի 14-ին հաղորդում են Սիրիայում սպանված ևս 5 ադրբեջանցի զինյալների անուններ, որոնք սերում են Սումգայիթ քաղաքից։

2014-ի փետրվարի 6-ին հայտնի է դարձել Սումգայիթից սերող 2 զինյալի սպանության մասին։ Մեկի անունը Ֆիրազ է, համացանցում հայտնվել են նրա լուսանկարների կյանքի օրոք և սպանված վիճակում։ Սպանված երկրորդ զինյալի մականունը «Զիքո» է։

2014-ի հունվարի 13-ին Սիրիայում սպանվել է նախագահ Բաշար Ասադի կողմնակիցների դեմ մարտնչող «Իրաքի և Լևանտի իսլամական պետություն» խմբավորման զինյալ, ադրբեջանցի Ազադն «Աբդուրահման» մականվամբ: Նա  ծնվել է Սումգայիթում, սպորտի վարպետ էր բռնցքամարտի գծով:

Նշենք նաև, որ հունվարի 17-ին հայտնի է դարձել, որ Սումգայիթի ոստիկանության վարչության տվյալներով՝ քաղաքում ձերբակալվել է Սիրիայից վերադարձած ծայրահեղ իսլամիստ 1988-ին ծնված ոմն Ռասիմ Բադալովը։ Դա թերևս առաջին դեպքն էր, երբ Ադրբեջանը հաղորդում էր Սիրիայից վերադարձած իր զինյալի մասին։

Արցախին սահմանակից Աղջաբեդի շրջանի ոստիկանական բաժանմունք-ոստիկանները տեղեկություններ չունեն շրջանի՝ Սիրիա մեկնած ադրբեջանցիների վերաբերյալ։ Այնուհանդերձ, ապրիլի 26-ին Աղջաբեդում հետաքրքիր միջադեպ է գրանցվել սույն թեմայի շրջանակներում։ Շրջանի բնակիչ, 1981-ին ծնված Նամիք Ասքերովը, որը փետրվարի 12-ին տեղի խանութներից մեկից 25 հազար ԱՄՆ դոլար արժողությամբ զարդեր է գողացել, զանգահարել է ոստիկանություն և հաղորդել՝ մեկնել է Սիրիա Ասադի կողմնակիցների դեմ կռվելու։ Սակայն ոստիկաններին հաջողվել է պարզել, որ նա իրականում Մոսկվայում է թաքնվում, Սիրիա մեկնելու մասին ստել է՝ քաջ գիտենալով՝ իրեն ամենայն հավանականությամբ սպանված կամ անհետ կորած կհամարեն։

Այսպիսով, հետևելով սույն ցուցակին՝ կարող ենք արձանագրել, որ Ադրբեջանի ոստիկանությունը հաստատում է՝ Սիրիա են մեկնել 111 ադրբեջանցիներ, նրանցից սպանվել են 17-ը, հաշվառման ցուցակներում են 317 հոգի։

Ադրբեջանցիների արտահոսքը Սիրիա զգալի է հատկապես Սումգայիթից։ Եվ դա ամենևին էլ պատահական չէ, քանի որ Սումգայիթում ակտիվ են և ազդեցության լծակներ ունեն ծայրահեղ իսլամիստները՝ վահաբականները, իսկ վահաբիզմի հետևորդներն անմիջական մասնակցություն ունեն թե´ ադրբեջանցիներին Սիրիա մեկնելու կոչեր անելու, թե´ անձամբ Սիրիայում կռվելու հարցում։

Եթե ամփոփենք ընդհանուր պատկերը, ապա Ադրբեջանի քաղաքացիների առավել մեծ թվաքանակ Սիրիա է մեկնում երկրի հյուսիսարևմտյան՝ Դաղստանին սահմանակից շրջաններից։ Հատկանշական է նաև, որ ցուցակում հիմնականում լեզգիաբնակ շրջանների տվյալներն են։ Ճիշտ է՝ սուննիադավան լեզգիների շարքում քիչ չեն ծայրահեղ իսլամիստները, սակայն Ադրբեջանը հիմնականում փորձում է ազգային փոքրամասնություններին որպես «քավության նոխազ» օգտագործել այս խնդրում։

Այնուհանդերձ, պետք է շեշտել՝ ցուցակը թերի է, քանի որ նախ անուն-ազգանունները բացակայում են, բաժանմունքների մեծ մասը չի հիշատակել՝ ինչ ժամանակային կտրվածքին են վերաբերում սույն թվերը, բացի այդ էլ, 66 ոստիկանական շրջանային բաժանմունքներից արձագանքել են ընդամենը 40-ը։ Ընդ որում, Սալյանի, Նեֆթչալիի, Ջալիլաբադի, Շիրվանի, Սաաթլիի, Ղազախի, Ապշերոնի, Շամխորի, Սաբիրաբադի, Իմիշլիի, Գերանբոյի, Իսմայիլիի, Գանձակի, Միգեչաուրի ոստիկանական բաժանմունքներից հավաստիացրել են՝ որևէ տեղեկություն չունեն տվյալ շրջանի բնակիչների՝ Սիրիա մեկնելու առնչությամբ։ Սակայն այս հանգամանքն իհարկե մեզ թույլ չի տալիս պնդել, թե սույն շրջաններից Սիրիա չեն գնում, հատկապես երբ մամուլում ավելի վաղ լուրեր էին շրջանառվում՝ այս շրջաններից մի քանիսում ծայրահեղ իսլամիստները ցույցեր են անում։ Այսպես, 2014-ի ապրիլի 23-ին ադրբեջանական մի շարք կայքեր, այդ թվում՝ Musavat.com-ը, հաղորդում են՝ հարավարևելյան Սալյանի շրջանում գրեթե արտակարգ դրություն է մտցված։ Խնդիրն այն է, որ ոստիկանական ուժերն օրեր առաջ ձերբակալել էին վահաբիզմի տեղի հետևորդներին, ստիպել նրանց կտրել մորուսները։ Սույն հանգամանքը բարկություն են առաջ բերել իսլամիստական համայնքի շարքերում, և նրանք խոստացել էին վրեժ լուծել։ Ուստի իրավապահ մարմինները հարկադրված էին եղել ուժեղացնել հիվանդանոցների և դպրոցների հսկողությունը։

Նշենք, որ ցուցակում արտացոլված չեն նաև Նախիջևանի Ինքնավար Հանրապետությունից Սիրիա մեկնած քաղաքացիների տվյալները, մինչդեռ մեզ հայտնի է առնվազն մեկ նման դեպք։

Ավելին, հարկ է հաշվի առնել, որ մի շարք դեպքերում բնակիչները, Սիրիայում կռվելու մեկնելով, թե´ հարազատներին, թե´ իրավապահներին հաղորդում են՝ իբր գնում են Թուրքիա աշխատանք գտնելու։ Քանի որ ադրբեջանցիները հիմնականում Թուրքիայի տարածքով են հասնում Սիրիա և վերապատրաստվում են թուրք-սիրիական սահմանային հատվածներում՝ զինյալների ճամբարներում, բավականին բարդ է ճշտել՝ արդյոք քաղաքացին մեկնել է Թուրքիա, թե այնտեղից անցել Սիրիա։

Կարևոր է նշել, որ Ադրբեջանի պատկան մարմինները թերևս չեն կարող նույնիսկ օրենքի սահմաններում հարկադրել քաղաքացիներին չմեկնել Սիրիա ու չանդամակցել զինված խմբավորումներին։ Նրանց կարող են այս քայլերի համար պատժել միայն այն դեպքում, երբ վերադառնան Ադրբեջան, սակայն հենվելով ադրբեջանական մամուլի հրապարակումների վրա՝ կարող ենք արձանագրել՝ զինյալների զգալի մասը ոչ միայն չի վերադառնում Ադրբեջան, այլև որոշ ժամանակ անց Սիրիա տեղափոխվելու կոչեր է անում իր ընտանիքի անդամներին և իր ընկերներին։

Ստացվում է՝ իրավիճակը փոխելու միակ ճանապարհն իսլամիստներով բնակեցված շրջաններում սոցիալական և հասարակական արմատական բարեփոխումների իրականացումն է, ոչ թե դրանց իմիտացիան։ Ադրբեջանի իշխանություններն այս պահի դրությամբ ընտրել են իմիտացիայի ուղին։ Իշխանությունների դիրքորոշումն արտացոլող մամուլում էլ խնդրի պատճառներն ու հավանական լուծումները երկրի ներսում փնտրելու փոխարեն՝ Սիրիայում կռվող ադրբեջանցիների հարցում մեղադրում են թե´ գյուլենականներին, թե´ Սաուդյան Արաբիային, թե´ լեզգիների մզկիթների կրոնական համայնքների առաջնորդներին, թե´ արտաքին անհայտ ուժերին։ Ավելին, ադրբեջանական մամուլը փորձում է մոտիվացնել երիտասարդներին՝ «Սիրիայի պատերազմը մեր պատերազմը չէ, մեր կռիվը Ղարաբաղում է» ուղերձը կրող հրապարակումներով, բայց դրանք ևս, դրդապատճառների լուծում չլինելով, ակնկալված ազդեցությունը չունեն։

One response to “Ադրբեջանի առաջին պաշտոնական տվյալները Սիրիա մեկնող իր քաղաքացիների խնդրի շուրջ

  1. Pingback: Իրաքում Ադրբեջանից մեկնած զինյալ է սպանվել | Ռազմ.info

Մեկնաբանել

Ձեր էլ. փոստի հասցեն չի հրատարակվելու: Պարտադիր դաշտերը նշված են *