Սիրիայում օրերս սպանված ադրբեջանցիներից մեկն ըմբշամարտի Ադրբեջանի չեմպիոն էր

Վերջին օրերին լուրեր էին շրջանառվում, որ Սիրիայի տարածքում սպանվել է 12 ադրբեջանցի։ Ադրբեջանական լրատվամիջոցների վարկածի համաձայն՝ նրանցից երկուսը Սումգայիթի բնակիչներ էին։

Ջեյհուն Ալիև

Ջեյհուն Ալիև

Ինչպես հաղորդում է ադրբեջանական ԱՊԱ լրատվական գործակալությունը, հղում տալով ադրբեջանցի օգտատերերի սոցցանցային էջերից քաղված տվյալներին, սպանվածներից մեկը Ջեյհուն Ալիևն է, որը եղել է Ադրբեջանի ըմբշամարտի հավաքականի կազմում, Ադրբեջանի չեմպիոն է եղել 2012-ին ու 2012-ին Եվրոպայի ըմբշամարտի պատանեկան առաջնության չեմպիոն։

Հաղորդվում է, որ Սիրիայում ընթացող մարտերում սպանվել է Ալիևի քրոջ ամուսինը։ Ընդ որում, Ալիևի քույրը ներկա դրությամբ Սումգայիթում է, նա հավաստիացրել է, որ իր ամուսնու ու եղբոր դիերը դեռևս Սիրիայում են՝ մարտական գործողությունների գոտում։ Պարզ չէ, թե Սիրիայի որ հատվածում են սպանվել ադրբեջանցիները։

Նշենք, որ 12 սպանվածներից մեկն էլ, համաձայն նույն աղբյուրների, Սիրիայում Բաշար Ասադի կողմնակիցների դեմ մարտնչող ադրբեջանցիների ջոկատի հրամանատարներից է՝ Մուսաբ Աբդուրահիմ Աբդուլմաջիդը։

Նկատենք, որ մարտի 24-ին ադրբեջանական Jam.az լրատվակայքի փոխանցմամբ՝ Սիրիայում սպանվել էին երեք օրվա ընթացքում 15 ադրբեջանցիներ։ Չի բացառվում, որ ԱՊԱ-ի հիշատակած 12 ադրբեջանցիները նրանց շարքում են։

Վերջին շրջանում Ադրբեջանում փորձ է արվում Սիրիայում կռվող ադրբեջանցիների հարցը բերել իրավական դաշտ, սակայն Միլլի մեջլիսի ընդունած օրինագծերի համաձայն՝ Քրեական օրենսգրքում սպասվելիք փոփոխությունները ազատազրկում են ապահովում թերևս ոչ թե կոնկրետ Սիրիա մեկնող ադրբեջանցիների, այլ նրանց մեկնել դրդող անձանց (ըստ երևույթին մզկիթների կրոնական համայնքների ներկայացուցիչների) համար։

Սիրիայում ադրբեջանցի զինյալների կռվելու վերաբերյալ լուրերը սկսել են մեծ թիվ կազմել ադրբեջանական մամուլում 2013-ի վերջից։ Ընդ որում, մինչ օրս անհայտ են դրանց սկզբնաղբյուրները։

Այնուհանդերձ, հաստատապես կարող ենք ասել՝ զինյալներից մի քանիսի դիակների լուսանկարները սոցցանցային էջերում տարածվել էին շատ ավելի վաղ, քան դրանց մասին սկսել են հաղորդել ադրբեջանական լրատվամիջոցները։

Ադրբեջանի պատկան մարմինները, մասնավորապես՝ արտգործնախարարությունը, մինչ օրս հստակ վիճակագրություն այս հարցում չեն ներկայացրել, բայց գործընթացը կասեցված չէ, քանի որ լուծված չեն Սիրիա մեկնելուն նպաստող դրդապատճառները՝ սոցիալական կարիքը, ծայրահեղ իսլամիստական գաղափարների տարածումը, Սիրիա մեկնող ադրբեջանցիների թեմայի առժամանակ անտեսումն Ադրբեջանի պատկան մարմինների կողմից։

Մեկնաբանել

Ձեր էլ. փոստի հասցեն չի հրատարակվելու: Պարտադիր դաշտերը նշված են *