Խորվաթիայի ԶՈւ ԳՇ պետը հանդիպել է Ադրբեջանի իր պաշտոնակցին

Խորվաթիայի զինված ուժերի գլխավոր շտաբի պետ, գեներալ Դարագո Լովրիչը մայիսի 6-ին ժամանել է Ադրբեջան պաշտոնական այցով։ Նա հանդիպել է Ադրբեջանի զինված ուժերի գլխավոր շտաբի պետ, գեներալ-գնդապետ Նաջմեդին Սադիգովին։

Դարագո Լովրիչը և Նաջմեդին Սադիգովը

Դարագո Լովրիչը և Նաջմեդին Սադիգովը

Հայտնի է, որ Լովրիչի այցը տևելու է մինչև մայիսի 8-ը։

Ինչպես հաղորդում է Ադրբեջանի պաշտպանության նախարարության պաշտոնական կայքը, Լովրիչին հանդիսավոր ընդունելություն են ցույց տվել։

Երկու երկրների ՊՆ ընդլայնված հանդիպման ժամանակ, ըստ աղբյուրի, շոշափվել է Արցախյան հակամարտության թեման։ Մասնավորապես, Սադիգովը շեշտել է՝ «հայկական կողմն ագրեսիա է իրականացնում Ադրբեջանի դեմ»։

Այնուհետև կողմերը քննարկել են երկկողմ համագործակցության ընդլայնման հնարավորությունները՝ կարծիքներ փոխանակելով վերջերս ՆԱՏՕ-ի հետ համագործակցության շրջանակներում, Ադրբեջանի արևելյան Ղարադաղի շրջանի Ղարաեյբաթ զորավարժարանում անցկացված վարժանքների մասին, որոնց ընթացքում որպես դիտորդ ներկա էր Լովրիչը։

Հավելենք, որ սույն հանդիպմանը ներկա է եղել նաև Ադրբեջանում Խորվաթիայի ժամանակավոր ներկայացուցիչ Նեդա Նիլշիչը։

Նկատենք, որ դեռևս 2013-ի փետրվարին Բաքու էր այցելել Խորվաթիայի պաշտպանության նախարար Անտե Կոտրոմանովիչը։ Նա հանդիպել էր Ադրբեջանի այդ ժամանակվա իր պաշտոնակից Սաֆար Աբիևի հետ։ Հանդիպման ավարտին կնքվել էր ռազմատեխնիկական բնագավառում երկկողմ փոխըմբռնման արձանագրություն։

2013-ի ընթացքում Ադրբեջանը ռազմական կցորդներ էր նշանակել մի քանի երկրներում, այդ թվում՝ Խորվաթիայում։

Նշենք, որ Ադրբեջանն ու Խորվաթիան լայնորեն համագործակցում են ականազերծման բնագավառում։ Այսպես, դեռևս 2009-ին Խորվաթիայի ականազերծման կենտրոնի (CROMAC) և ANAMA-ի միջև կնքվել է մարդասիրական ականազերծման համաձայնագիր: 2013-ի մարտի 27-ին CROMAC-ի և Խորվաթիայում Ադրբեջանի դեսպանի հանդիպման ժամանակ քննարկվել էր Թուրքիայի հետ սահմանային տարածքների ականզերծման նախագիծը:

Մեկնաբանել

Ձեր էլ. փոստի հասցեն չի հրատարակվելու: Պարտադիր դաշտերը նշված են *