Մայիսի 8-ին հայտնի է դարձել՝ Ադրբեջանի ԶՈւ-ն վարժանքներ է իրականացրել ռազմաօդային ուժերի այն զորամասերից մեկում, որտեղ սպասարկում են անցնում Ս-300ՊՄՈՒ-2 զենիթահրթիռային համակարգերը (ԶՀՀ):
Ինչպես հաղորդում է Ադրբեջանի պաշտպանության նախարարության մամուլի ծառայությունը, վարժանքներն իրականացվել են՝ համապատասխան Ադրբեջանի պաշտպանության նախարար, գեներալ-գնդապետ Զաքիր Հասանովի՝ 2014-ի համար հաստատած մարտական պատրաստվածության ծրագրի:
Ըստ նախապես կազմած սցենարի՝ Ադրբեջանի օդային տարածքի սահմանները պայմանական խախտող թռչող օբյեկտի տվյալները փոխանցվել են մարտական կառավարման կետ, որտեղից էլ մշակվել ու տրամադրվել են դիվիզիոններին: Նրանք էլ իրենց հերթին սկսել են հետևել թիրախի շարժմանը: Որոշ ժամանակ անց պայմանական թիրախը ոչնչացվել է:
Հիշեցնենք, որ դեռևս 2012-ի դեկտեմբերին Google Earth ծրագրում լուսանկարների բազայի վերջին թարմացումից հետո հասանելի էին դարձել նաև ադրբեջանական Ս-300ՊՄՈՒ-2 զենիթահրթիռային համակարգերի համար կառուցվող դիրքերի լուսանկարները։ Ինչպես և ենթադրվում էր, երկու դիվիզիոններն էլ տեղակայվել են Բաքվի շրջակայքում. մեկը՝ Բաքվից արևելք, մյուսը` հյուսիս-արևմուտք։
Ադրբեջանը 2011 թվականին Ռուսաստանից գնել էր ի սկզբանե Իրանի համար նախատեսված Ս-300ՊՄՈւ-2 համակարգերի 2 դիվիզիոն` վճարելով ընդհանուր 300 միլիոն ԱՄՆ դոլար։
Ռուսաստանյան «Ալմազ-Անթեյ» կոնցերնի, որի կազմի մեջ էլ մտնում է «Նիժեգորոդսկի ավտոշինական գործարանը» և որը զբաղվում է հակաօդային պաշտպանության համակարգերի, այդ թվում՝ Ս-300-ների արտադրությամբ, 2012-ի հաշվետվությունից հայտնի էր դարձել, որ ընկերության արտադրանքի զանազան անսարքությունների և դեֆեկտների հետ կապված 717 բողոքագիր է ներկայացվել, որից շուրջ 48 տոկոսը բաժին է ընկել Ադրբեջանին։