Ադրբեջանը պատվիրել է Տ-90Ս տանկերի վարժասարքեր

Ադրբեջանը ՌԴ-ի հետ դեռևս 2011-ին կնքել էր Տ-90Ս տանկերի ձեռքբերման շուրջ 320 մլն ԱՄՆ դոլար արժողությամբ պայմանագիր։ 2014-ի մայիսին հայտնի է դարձել, որ Ադրբեջանը նաև սույն տանկերի վարժասարքեր է պատվիրել։

«Տ-90» տանկերը։

«Տ-90» տանկերը։

Ինչպես հաղորդում է ադրբեջանական ԱՊԱ լրատվական գործակալությունը, հղում տալով Ադրբեջանի զինված ուժերի ուսումնակրթական կենտրոնի աղբյուրներին, վարժասարքերը պատվիրատուին կփոխանցվեն մինչև 2014-ի ավարտը։ Ադրբեջանի ԶՈւ-ն նպատակ ունի դրանք կիրառել տանկերի անձնակազմերի ուսուցման համար։

Նշենք, որ Ադրբեջանը գործարկել է Տ-90Ս տանկերի ստացած առաջին խմբաքանակը Նախիջևանի Ինքնավար Հանրապետության տարածքում վերջերս կայացած զորավարժությունների ժամանակ։

Բացի այդ էլ, Տ-90 տանկերի արտադրող ռուսաստանյան «Ուրալվագոնզավոդ» ընկերությունը մասնակցելու է սեպտեմբերի 11-13-ը Բաքվում կայանալիք ADEX-2014 ռազմարդյունաբերական ցուցահանդեսին։

Հիշեցնենք, որ 2011-ին Ադրբեջանը ՌԴ-ից պատվիրել է 94 միավոր Տ-90Ս տանկերի: Նախատեսված էր պայմանագրով ստանձնած պարտավորությունները կատարել ու ավարտին հասցնել 2013-ին, սակայն ուշացումների հետևանքով այն ի կատար կածվի թերևս 2014-2015-ին:

Ադրբեջանի ստացած Տ-90Ս տանկերի նկարներն առաջին անգամ ցանցում հայտնվեցին 2013-ի հունիսի 15-ին, իսկ արդեն հունիսի 26-ին դրանք ցուցադրվեցին Ադրբեջանի զինված ուժերի օրվան նվիրված զորահանդեսին։

Տ-90-ը հիմնական մարտական տանկ է, զանգվածը 46.5 տոննա է, տանկի վրա տեղադրված են 125 մմ 2Ա46Մ5 (արդիականացված 2Ա46) հարթափող թնդանոթ, ինչպես նաև թնդանոթին կցված ՊԿՏ 7.62 մմ ու  զենիթային ՆՍՎՏ կամ Կորդ 12,7 գնդացիրներ։

Տանկն ունի 1000 ձիաուժ հզորությամբ Վ-92 շարժիչ, այն անցանելիության չափորոշիչներով ոչնչով չի գերազանցում Տ-72 տանկերին։

Հավելենք, որ Հնդկաստանը 2014-ի մարտի սկզբին մրցույթ էր հայտարարել ՌԴ-ից գնած 600 միավոր Տ-90 տանկերի արդիականացման համար, քանի որ դրանք ունեին թերություններ և չէին բավարարում Հնդկաստանի ԶՈւ պահանջներին:

Ուշագրավ է, որ ՌԴ-ն սեփական զինուժի շահագործումից աստիճանաբար դուրս է մղում Տ-90 տանկերը՝ նախապատվություն տալով Տ-72 տանկերին:

Մեկնաբանել

Ձեր էլ. փոստի հասցեն չի հրատարակվելու: Պարտադիր դաշտերը նշված են *