Ադրբեջանի ՊՆ հանրային կապերի և բարոյահոգեբանական պատրաստության վարչությունը նոր պետ ունի

Վերջերս Ադրբեջանի ռազմական պատմության թանգարանի տնօրեն վերանշանակված, ԶՈւ գնդապետ Ռուֆաթ Ամիրովն Ադրբեջանի պաշտպանության նախարար, գեներալ-գնդապետ Զաքիր Հասանովի հրամանով հեռացվել է պաշտոնից և նշանակվել ՊՆ հանրային կապերի և բարոյահոգեբանական պատրաստության վարչության պետ։

Ռուֆաթ Ամիրով

Ռուֆաթ Ամիրով

Այս տեղեկությունն ադրբեջանական ԱՊԱ լրատվական գործակալության հետ զրույցում հաստատել է ինքը՝ Ամիրովը։

Հիշեցնենք, որ մայիսի 1-ին հայտնի էր դարձել՝ Զաքիր Հասանովը պահեստազորի գնդապետ, Ադրբեջանի ռազմական պատմության թանգարանի նախկին տնօրեն Ռուֆաթ Ամիրովին վերականգնել է թանգարանի տնօրենի իր պաշտոնում: Ստացվում է՝ նա որպես տնօրեն աշխատել է ընդամենը մեկ շաբաթ։ Ըստ ԱՊԱ-ի՝ թանգարանի տնօրենի պաշտոնակատար է նշանակվել Սահիբ Գարաևը, որի կոչումը չի հիշատակվում։

Նկատենք, որ Ռուֆաթ Ամիրովը ժամանակին եղել է նաև Ադրբեջանի զինված ուժերի գլխավոր շտաբի պետի պաշտոնակատար և պաշտպանության նախարարի առաջին տեղակալ: Պաշտոնական տվյալների համաձայն՝ նա մասնակցել է Արցախյան պատերազմին:

Նրան նշանակել են 1992-ին, երբ սույն պաշտոնից հեռացվել է գեներալ-մայոր Շահին Մուսաևը: 1996-ին Ամիրովը հեռացվել է, նրան փոխարինել է գեներալ-լեյտենանտ Վալեհ Բարշադլըն: Դրանից հետո Ամիրովը որոշ ժամանակով զբաղեցրել է Ադրբեջանի մինի ֆուտբոլի ֆեդերացիայի ղեկավարի տեղակալի պաշտոնը:

Պաշտոնական աղբյուրները չեն հայտնում, թե երբ էր Ամիրովը հեռացվել թանգարանի տնօրենի պաշտոնից: Այնուհանդերձ, հետևելով ադրբեջանական մամուլի հրապարակումներին՝ 2013-ի հոկտեմբերի 4-ի դրությամբ նա դեռևս տնօրեն էր, ուստի հավանական է՝ հեռացվել է 2013-ի հոկտեմբերի 22-ին պաշտպանության նոր նախարար նշանակված Զաքիր Հասանովի իրականացրած կադրային փոփոխությունների հետևանքով:

Մեկնաբանել

Ձեր էլ. փոստի հասցեն չի հրատարակվելու: Պարտադիր դաշտերը նշված են *