Զաքիր Հասանովն ընդունել է Իտալիայի Սենատի՝ պաշտպանության գծով հանձնաժողովի նախագահին

Ադրբեջանի պաշտպանության նախարար, գեներալ-գնդապետ Զաքիր Հասանովը մայիսի 8-ին ընդունել է Իտալիայի Սենատի՝ պաշտպանական հարցերի գծով հանձնաժողովի  նախագահ Նիկոլ Լաթորեին։

Այս մասին հաղորդում է Ադրբեջանի պաշտպանության նախարարության մամուլի ծառայությունը։

Ըստ աղբյուրի՝ քննարկվել են երկկողմ համագործակցության հնարավորությունները, տարածաշրջանում անվտանգության խնդիրները, ինչպես նաև շոշափվել է Արցախյան հիմնախնդիրը։

Հանդիպմանը ներկա է եղել նաև Ադրբեջանում Իտալիայի դեսպան Ջամպաոլո Կուտիլյոն։

Նկատենք, որ այսօր՝ մայիսի 8-ին, Նիկոլ Լաթորեին ընդունել է նաև Ադրբեջանի ռազմարդյունաբերության նախարար Յավեր Ջամալովը։

Հիշեցնենք, որ 2014-ի հունվարին Զաքիր Հասանովն ընդունել էր Ջամպաոլո Կուտիլյոյին։ Քննարկվել էր հիմնականում փոխգործակցությունը ռազմական կրթության ոլորտում։

Նշենք, որ հունվարի 28-ին Ադրբեջանի պաշտպանության նախարարության միջազգային ռազմական համագործակցության վարչության պետ, գեներալ-մայոր Ռամիզ Նաջաֆովը հյուրընկալել էր Իտալիայի ՊՆ պատվիրակությանը՝Իտալիայի զինված ուժերի ԳՇ 3-րդ վարչության պետի տեղակալ, փոխծովակալ Էդուարդո Կոմպիանիի գլխավորությամբ: Հանդիպումն ավարտվել էր «2014-ին Իտալիայի և Ադրբեջանի ՊՆ երկկողմ համագործակցության ծրագրի» ստորագրմամբ:

Հավելենք նաև, որ Իտալիայի և Ադրբեջանի ՊՆ-ները ռազմական համագործակցության համաձայնագիր էին ստորագրել դեռևս 2012-ի նոյեմբերի 7-ին։

Մեկնաբանել

Ձեր էլ. փոստի հասցեն չի հրատարակվելու: Պարտադիր դաշտերը նշված են *