Ռուսաստանում նախագծված նոր զրահամեքենաների հիմնական զենքը կլինի արտաքին տեսքը

Մոսկվայում բացված ցուցահանդեսի ժամանակ «Ինտրալ» ընկերությունը ներկայացրել է իր նոր նախագծերը՝ 5 նոր զրահամեքենաներ, որոնք առաջարկում է գնորդներին: Ընկերության նախագծած «Կոլուն» զրահապատ բեռնատարներն ու «Տորոս» զրահապատ ամենագնացները դեռ նախատիպեր են, դրանց զրահն էլ իսկական չէ, ինչպես հայտնում է metronews.ru կայքը:

«Տորոս» «զրահապատ» ամենագնացը

«Տորոս» «զրահապատ» ամենագնացը

Մեքենաները նախագծվել են մի քանի տարբերակով՝ բազային, հրամանատարական ու սանիտարական, իսկ նախագծման աշխատանքներում հիմք են ընդունել ԶԻԼ-131 բեռնատարը, ինչպես նաև օգտագործվել են խորհրդային ԲՏՌ-60 զրահափոխադրիչի շարժիչը: Մեքենաները լողացող են:

Զրահամեքենաները նախագծել են ռազմարդյունաբերական ոլորտից հեռու դիզայներներ, որոնք կարծում են, որ գդալից սկսած ամեն ինչի նախագծման համար օգտագործվում է նույն տեխնոլոգիան, ինչն իրենց հնարավորություն է տալիս ստեղծել նաև զրահամեքենաներ:

Մեքենաների գլխավոր դիզայներ Օլեգ Շապկինը նշել է, որ մեքենաները նախատեսում էին ներքին զորքերի համար, սակայն տեսնելով զինված ուժերի ու ներքին գործերի նախարարության հետաքրքրվածությունը, լրջորեն որոշել են մեքենան առաջարկել այս կառույցներին, ինչպես նաև արտասահմանյան գնորդներին: Նախագծողի խոսքով՝ մեքենան պատրաստված է եղել նրա համար, որ մարտի դաշտում այն տեսնելիս «հակառակորդն անմիջապես փախչի»:

«Կոլուն» զրահամեքենան

«Կոլուն» զրահամեքենան

Մեքենաների նախագծումն ընկերությունը սկսել է մեկ տարի առաջ: Կախված պատվիրատուների ցանկություններից, նախագծողները պատրաստվում են մեքենան զինել նաև տարբեր տեսակի սպառազինությամբ, իսկ մեքենայի գինը պիտի լինի 85-ից 340 հազար ամերիկյան դոլարի սահմաններում:

Մեկնաբանել

Ձեր էլ. փոստի հասցեն չի հրատարակվելու: Պարտադիր դաշտերը նշված են *