Պատճառաբանելով, որ գործարքը կարող է նպաստել Մերձավոր արևելքում լարվածության աճին` Ռուսաստանը, ի դեմս նախագահ Վլադիմիր Պուտինի, մերժել է Իրանին ռուսական Ս–400 «Տրիումֆ» զենիթահրթիռային ՀՕՊ համակարգեր վաճառել։
Այս մասին գրում է ամերիկյան «Բլումբերգ» գործակալությունը` հղում անելով ռուսաստանյան իր երկու անանուն աղբյուրին։ Նշվում է, որ աղբյուրներից մեկը ռուս բարձրաստիճան պաշտոնյա է։
Այս տեղեկությունը, սակայն, դեռ հաստատված չէ, գործակալությունը չի կարողացել մեկնաբանություն ստանալ ո՛չ ռուսական, ո՛չ էլ իրանական կողմից։
Ռուսաստանի «Ռազմավարության և տեխնոլոգիաների վերլուծության կենտրոն»-ի (ЦАСТ) նախագահ Ռուսլան Պուխովը «Բլումբերգի» հետ զրույցում նշել է՝ եթե Ռուսաստանն իսկապես մերժել է Իրանին, կնկշանակի, որ ցանկանում է շարունակել իր աշխատանքները Սաուդյան Արաբիայի և Իսրայելի հետ, ինչպես նաև հնարավորություն ունենալ ԱՄՆ-ի հետ բանակցելու։
«Եթե Ռուսաստանը որոշի Իրանին Ս–400-ներ տրամադրել, դա ուղիղ մարտահրավեր կլինի Սաուդյան Արաբիային և Իսրայելին, այսինքն՝ դա կլինի հակառակ Ռուսաստանի ազգային շահերին»,- ասել է Պուխովը։
Տարիներ առաջ Իրանը Ռուսաստանից գնել է Ս-300 ԶՀՀ-ներ։ Գործարքն արժեցել է շուրջ 1 մլրդ դոլար։
Նշենք, որ ռուսական Ս–400 ՀՕՊ համակարգերը մեծ պահանջարկ ունեն, ու սա դարձել է տարբեր երկրների ու ԱՄՆ հարաբերությունների լարվածության պատճառ։
Առաջին արտասահմանյան գնորդը Չինաստանն է։ Երկու երկրների միջև պայմանագիրը կնքվել է 2014 թվականին, 2 գնդային լրակազմի համար։ Առաջին լրակազմը Չինաստանն ստացել էր 2018 թվականի մայիսին։ Ապրիլին հայտարարվել էր երկրորդ գնդային լրակազմի պատրաստ լինելու մասին։ Հայտնի է, որ դրանք մատակարարվելու են հուլիսից։ Մայիսի 22-ին էլ Չինաստանի ազգային–ազատագրական բանակի զինծառայողները մեկնել են Ռուսաստան՝ Ս–400-ների երկրորդ գնդային լրակազմը ստուգելու համար։
Ռուսական համակարգերի երկրորդ պատվիրատուն Թուրքիան է։ Պայմանագիրը կնքվել է 2017թ․ դեկտեմբերին, մատակարարումները նախատեսվում են այս հունիսին։ Ըստ պայմանագրի՝ Թուրքիան պետք է ստանա համակարգերի 4 դիվիզիոն։ Ըստ թուրքական աղբյուրի՝ կմատակարարվի 36 արձակման կայման և 192 հրթիռ։ Պայմանագրով նախատեսվում է նաև որոշ մասերի համատեղ արտադրության։
Թուրք-ռուսական այս գործարքին դեմ են ԱՄՆ-ն ու ՆԱՏՕ-ն։ ԱՄՆ-ն այս գործարքի համար հետաձգում է [1] Թուրքիային 5-րդ սերնդի F-35 կործանիչների մատակարարումը՝ պնդելով, որ ռուսական համակարգն ու ամերիկյան կործանիչը չեն կարող միաժամանակ նույն երկրում լինել, քանի որ ռուսական համակարգերը կարող են հասկանալ տեխնիկական որոշ տվյալներ, որոնք թույլ կտան որսալ ամերիկյան կործանիչը։ 100 միավոր F-35-եր Թուրքիային պետք է մատակարարվեր այս տարվանից սկսած, սակայն փետրվարին ԱՄՆ–ն մատակարարումը հետաձգեց մինչև նոյեմբերի 1–ը։
Ամերիկյան կողմը մի քանի անգամ սպառնացել է Թուրքիային, թե վերջինս ռուսական համակարգերը գնելու համար կարող է դուրս մնալ F-35-երի ծրագրից, կարող է վտանգվել վերջինիս դաշնակցությունը ՆԱՏՕ-ին և Անկարան կարող է հայտնվել ամերիկյան պատժամիջոցների տակ։
Որպես ռուսական համակարգերի այլընտրանք ԱՄՆ-ն Թուրքիային առաջարկում է իր Patriot ՀՕՊ համակարգերը գնել։
Հնդկաստանն էլ երրորդ Ս–400-ների պատվիրատուն է։ 5,43 մլրդ դոլար արժողությամբ պայմանագրի Հնդկաստանի և Ռուսաստանի միջև կնքվել է 2018թ․ հոկտեմբերին։ Նախատեսվում է Հնդկաստանին վաճառել Ս-400 ԶՀՀ-ների 5 գունդ (ըստ «Վեդոմոստիի»՝ 10 դիվզիոն): Առաջին գունդը (2 դիվիզիոն) նախատեսվում է մատակարարել առաջին երկու տարվա ընթացքում, իսկ մնացած 4-ը՝ հինգ տարվա ընթացքում: (Նշենք, սակայն, որ սկզբնաղբյուրում ձևակերպումից հասկանալի չէ, թե 5 տարվա ժամկետը երբ է մեկնարկում, պայմանագրի կնքումից, թե առաջին գունդը ստանալուց հետո):
ԱՄՆ-ն այս հարցում անհանսգտացնում է նաև Հնդկաստանին։ Միացյալ Նահանգները Հնդկաստանի հետ աշխատանքներ է տանում ռուսական Ս–400 համակարգերին այլընտրանք առաջարկելու ուղղությամբ։ ԱՄՆ ՊՆ ղեկավարի օգնական Ռանդալ Սշրիվեր չի բացառել, որ ԱՄՆ–ն պատժամիջոց չի կիրառի Հնդկաստանի նկատմամբ՝ Ս-400 գնելու համար։