Ամերիկյան մի քանի բարձրաստիճան պաշտոնյա իրենց թուրք գործըկերներին հայտնել են, որ Թուրքիան այլևս չի ստանալու F-35 կործանիչների համար նախատեսված սարքավորումները։
Այս մասին հայտնում է «Ռոյթերս» միջազգային գործակալությունը, հղում անելով իր անանուն աղբյուրներին։ Ըստ աղբյուրի՝ ԱՄՆ-ն կասեցրել է կործանիչների համար նախատեսված սարքավորումների մատակարարումը Թուրքիայի ռուսական Ս-400 ՀՕՊ համակարգերը գնելու համար։
[Լրացում] Պենտագոնի մամուլի խոսնակ Մայք Էնդրյուսը, «Ռոյթերս»–ի հետ զրույցում հաստատել է տեղեկությունը, ասելով, որ մատակարարումները դադարեցվել են, մինչև Թուրքիան կհրաժարվի Ս-400–ների մատակարարումից։ [Լրացում]
Հիշեցնենք, որ մարտի 28-ին Միացյալ Նահանգների Սենատի մի քանի ներկայացուցիչ քննարկման էին ներկայացրել օրենքի նախագիծ, որով կարգելվի Թուրքիային մատակարարել F-35 կործանիչներն այնքան ժամանակ մինչև ԱՄՆ կառավարությունը կհաստատի, որ Թուրքիան հրաժարվել է Ս-400 ռուսական ՀՕՊ համակարգերից։
Սենատորները, նախագիծն առաջադրելիս, հայտարարել են, որ Ս-400-ների գործարքը կարող է ազդել ՆԱՏՕ-ի անդամակացության, ինչպես նաև ԱՄՆ զինված ուժերի մի շարք, այդ թվում՝ կոալիցիոն ռազմական գործողությունների վրա:
Հավելենք, որ վերջին շրջանում Թուրքիայի և ԱՄՆ-ի միջև ռուսական ՀՕՊ համակարգերը գնելու համար զարգացել է քաղաքական կոնֆլիկտ։ ԱՄՆ-ն ու ՆԱՏՕ-ն դեմ են Թուրքիայի Ս-400 համակարգերը գնելուն, համարելով, որ դրանք չեն համապատասխանում ՆԱՏՕ ստանդարտներին, ու դրա համար առաջարկում են գնել ամերիկյան Patriot համակարգերը։
Սրան զուգահեռ Թուրքիան ԱՄՆ-ից գնել է ամերիկյան 5-րդ սերնդի F-35 կործանիչները, որոնցից երկուսը Թուրքիային են մատակարարվել անցած տարի, իսկ ևս երկու միավորի մատակարարումը սպասվում էր այս տարվա մարտին, սակայն ԱՄՆ որոշմամբ մատակարարումն առայժմ հետաձգվել է մինչև նոյեմբեր։
