Թուրքիան ստանալու է Ս-400-ների 36 արձակման կայան և 192 հրթիռ. Türkiye gazetesi

Ռուսաստանի հետ 2017թ. Ս-400 «Տրիումֆ» զենիթահրթիռային ՀՕՊ համակարգերի գնման համար կնքած պայմանագրի շրջանակներում Թուրքիան կստանա 36 արձակման կայան, որոնք բաժանված կլինեն 4 դիվիզիոնի։ 

Այս մասին գրում է իշխանամետ «Թուրքիա» թերթի կայքը (“Türkiye Gazatesi”), որոշ մանրամասնություններ հայտնելով ռուսական համակարգերի Թուրքիայում տեղակայման վերաբերյալ։ Ըստ աղբյուրի՝ գործարքը ներառում է 192 հրթիռ. յուրաքանչուր դիվիզիոն ներառում է 9 արձակման կայան, որից ամեն մեկը՝ 4 հրթիռ։ Այսինքն՝ 36 արձակման կայանը միասին ունենալու են 144 հրթիռ, իսկ մնացած 48 հրթիռը լինելու է պահեստային։  

Հետաքրքրական է՝ մեզ նախկինում հայտնի էր, որ ըստ պայմանագրի Թուրքիան ստանալու էր 4 դիվիզիոն։ Թերթի տվյալներից դատելով՝ Թուրքիայում մեկ դիվիզիոնի մեջ են ներառել 9 արձակման կայանը, սակայն ըստ մեր դիտարկումների՝ Ռուսաստանում միայն 8 արձակման կայանից կազմված է ոչ թե Ս–400-ի մեկ դիվիզիոնը, այլ մեկ մարտկոցը: 

Աղբյուրը նշում է նաև, որ հրթիռների քիչ քանակը որոշ հարցեր է առաջացրել, որոնց զինվորական պաշտոնյաները պատասխանել են, որ «անհրաժեշտության դեպքում հրթիռների խնդիրը լուծելու են համատեղ արտադրության միջոցով»։ 

Թուրքական աղբյուրը անդրադարձել է նաև Ս-400 համակարգերի տեղակայման վայրի մասին տեղեկություններին։ Թուրք փորձագետները կարծում են, որ համակարգերը կարող են տեղակայվել Էգեյան ծովի հետ սահմանին, կամ երկրի հարավային սահմաններում, մասնավորապես՝ Ղազիանթեփում կամ Հաթայում։

Հիշեցնենք, որ Թուրքիայի պաշտպանության նախարար Հուլուսի Աքարը ապրիլի 17-ին հայտարարեց, որ այս համակարգերը պաշտպանելու են Անկարայի ու Ստամբուլի օդային սահանները։ Մինչ այդ՝ մարտի 20-ին, թուրքական իշխանամետ «Յենիշաֆաք» թերթը գրել էր, որ ռուսական ՀՕՊ համակարգերը տեղակայվելու են Անկարայի հյուսիսարևմտյան «Աքընջը» ավիաբազայում։ Ավելին՝ աղբյուրը նշում էր, որ այդ տարածքում արդեն աշխատանքներ են տարվում։ Այն ժամանակ, դիտարկելով արբանյակային 2019թ. փետրվարի լուսանկարները, մենք նման բան չնկատեցինք: 

Հավելենք, որ Ռուսաստանից Ս-400-ների գնումը դարձել է ԱՄՆ-Թուրքիա նոր կոնֆլիկտի պատճառ, քանի որ ՆԱՏՕ-ն ու ԱՄՆ-ն դեմ են այդ գործարքին։ Ամերիկան Թուրքիային առաջարկում է իր այլընտրանքային՝ Patriot ՀՕՊ համակարգերը, սակայն կողմերը այս հարցում դեռ համաձայնության չեն գալիս։ 

ԱՄՆ-ն այս գործարքի պատճառով հետաձգում է (1) նաև Թուրքիա ամերիկյան F-35 կործանիչների մատակարարումը, պնդելով, որ ռուսական ՀՕՊ համակարգը և ամերիկյան կործանիչները չեն կարող միաժամանակ նույն տարածքում լինել։ Ամերիկյան կողմը մտավախություն ունի, որ ռուսական համակարգերը կհասկանան ամերիկյան կործանիչի տեխնիկական որոշ տվյալներ, ինչը թույլ կտա որսալ դրանք։ 

Թուրքական կողմը համառորեն պնդում է, որ չի հրաժարվելու ռուսական համակարգերից, քանի որ ունի իր օդային սահմանները պաշտպանելու կարիք։ Հարկ է նշել նաև, որ Ռուսաստանի հետ գործարքն ապահովում է նաև համակարգերի տեխնոլոգիաների համատեղ արտադրությունը, ինչը չի առաջարկվել ամերիկյան ՀՕՊ-երի դեպքում։ Համատեղ արտադրության շնորհիվ Թուրքիան ստացած փորձը հետագայում տեղական արտադրության մեջ օգտագործելու հնարավորություն կունենա։

Հավելենք, որ Ս–400-ների մատակարարումը Թուրքիա նախատեսվում է այս տարվա հունիսին։

Ս-400 «Տրիումֆ» ՀՕՊ համակարգերի մարտավարատեխնիկական բնութագիրը․

  • Թիրախի հայտնաբերման հեռահարությունը՝ 600 կմ;
  • Միաժամանակ խոցվող թիրախների առավելագույն քանակը՝ 10 (յուրաքանչյուրը);
  • Հնարավոր թիրախները՝ ինքնաթիռներ, բալիստիկ հրթիռներ;
  • Աերոդինամիկ թիրախները (ինքնաթիռներ, ուղղաթիռներ և այլ օդային միջոցներ) կարող է խոցել մինչև 400 կմ հեռավորության վրա;
  • Բալիստիկ թիրախները՝ 60 կմ հեռավորության վրա։

Մեկնաբանել

Ձեր էլ. փոստի հասցեն չի հրատարակվելու: Պարտադիր դաշտերը նշված են *