Իրանը շուրջ 1 մլրդ դոլար է վճարել Ռուսաստանին Ս-300 ԶՀՀ-ների համար

Իրանին Ս-300 զենիթահրթիռային համալիրներ մատակարարելու գործարքի արժեքը կազմել է շուրջ 1 մլրդ դոլար։ Այս մասին հայտնել է «Ռոստեխ» պետական կորպորացիայի տնօրեն Սերգեյ Չեմեզովը։ Փետրվարի 20-ին փոխանցում է ռուսաստանյան «ՏԱՍՍ» լրատվական գործակալությունը։

Ըստ Չեմեզովի՝ Ս-300 ԶՀՀ-ների մատակարարումն ավարտելուց հետո, Իրանին որևէ այլ զինատեսակի մատակարարում դեռ չի նախատեսվում։

Ռուսաստանի` Իրանին մատակարարած Ս-300 ԶՀՀ-ները Թեհրանում զորահանդեսի ժամանակ

Ռուսաստանի` Իրանին մատակարարած Ս-300 ԶՀՀ-ները Թեհրանում զորահանդեսի ժամանակ

Նշենք, որ փետրվարի սկզբին Իրանի պաշտպանության նախարար Հոսեյն Դեհղանը հայտարարել էր, որ Ս-300 ԶՀՀ-ներից բացի Ռուսաստանից ոչինչ չեն գնել։ Իսկ մինչ այդ նա հերքել էր Ռուսաստանից 10 մլրդ դոլարի սպառազինություն գնելու մասին ռուսական կողմի հայտարարությունները։

Ս-300 համակարգերի մատակարարման ավարտի մասին հայտնի դարձավ 2016-ի հոկտեմբերին։ Մատակարարումը  տևեց համարյա 10 տարի։ Մոսկվան ու Թեհրանը Ս-300 համակարգերի գնման պայմանագիրը ստորագրել էին դեռևս 2007-ին։ 800 մլն դոլարի դիմաց Իրանը ստանալու էր 5 դիվիզիոն Ս-300ՊՄՈւ-1 համակարգեր։ Սակայն ՄԱԿ-ի՝ Իրանին ժամանակակից սպառազինություն վաճառելու արգելքից հետո Ռուսաստանը չեղյալ հայտարարեց պայմանագիրը, ինչը, սակայն, դուրս էր ՄԱԿ-ի արգելքի սահմաններից: Ռուսաստանի կողմից պայմանավորվածությունը խախտելու արդյունքում Իրանը Ժնևի միջազգային դատարան հայց ներկայացրեց ռուսաստանյան «Ռոսօբորոնէկսպորտի» դեմ՝ 4 մլրդ ամերիկյան դոլար տուգանքի պահանջով:

Միայն 2015-ի ապրիլին Իրանի նկատմամբ կիրառվող միջազգային պատժամիջոցների մեղմացման վերաբերյալ սպասվող որոշումների համատեքստում Ռուսաստանը հանեց այդ երկրին զենք վաճառելու սահմանափակումը: Սրանից հետո, սակայն, Մոսկվան ու Թեհրանը երկար բանակցում էին մատակարարվելիք համակարգերի տարբերակի վերաբերյալ․ Ռուսաստանում համակարգի ՊՄՈւ-1 տարբերակն արդեն չէր արտադրվում, դրա փոխարեն Ռուսաստանն առաջարկում էր «Անթեյ-2500» համակարգեր և այլն (1, 2, 3)։ Ավելի ուշ՝ 2015-ի նոյեմբերին հայտնի դարձավ, որ համակարգերի մատակարարման պայմանագիրը կնքվել է, բայց մատակարարվելիք համակարգերի տարբերակը չբացահայտվեց։ 2016 թ. սեպտեմբերին էլ հայտնի դարձավ, որ Իրանը հետ է կանչել Ռուսաստանի դեմ դատական հայցը։

Մեկնաբանել

Ձեր էլ. փոստի հասցեն չի հրատարակվելու: Պարտադիր դաշտերը նշված են *