Ռուսաստանը կսկսի Չինաստանին ուղարկել Ս–400 զենիթահրթիռային համալիրների երկրորդ գնդային լրակազմը հուլիսից։ Նախատեսվում է ամբողջ խմբաքանակը Չինաստանին փոխանցել ծովային ճանապարհով՝ 3 բեռնափոխադրող նավով։
Այս մասին հայտնում է «ՏԱՍՍ» գործակալություն։ Գործակալության աղբյուրները չեն մանրամասնել, թե երբ ծով դուրս կգան երկրորդ ու երրորդ բեռնափոխադրող նավերը։
Չինաստանը Ս–400 ԶՀՀ–ների առաջին արտասահմանյան գնորդն է և պայմանագիր կնքվել էր 2 գնդային լրակազմի համար։ Առաջին լրակազմը Չինաստանը ստացել էր 2018 թվականի մայիսին։
Իսկ 2019 թվականի փետրվարին հայտնի դարձավ, որ Չինաստանի համար Ս–400 ԶՀՀ–ի հրթիռներ տեղափոխող նավը վթարվել է, իսկ հրթիռները վնասվել են։
Նշենք նաև, որ 2019 թվականի մարտից Ռուսաստանը սկսել էր պատրաստել Ս–400 համալիրների չինացի մասնագետների, որոնք պիտի համալրեն զենիթահրթիռային համալիրի երկրորդ գունդը։
Հիշեցնենք, որ Ռուսաստանի ռազմատեխնիկական համագործակցության դաշնային ծառայության նախագահ Դիմտրի Շուգաևը 2018 թվականին հայտարարել էր, որ Չինաստանը պատվիրած Ս–400–ները կստանա մինչև 2020 թվական։