Հնդկաստանը և Ռուսաստանը ստորագրեցին Ս-400-ների ձեռքբերման 5 մլրդ դոլարի գործարք

Հնդկաստանը Ռուսաստանի հետ ստորագրեց Ս-400 ԶՀՀ-ների ձեռքբերման շուրջ 5 մլրդ ԱՄՆ դոլար գնահատվող պայմանագիրը՝ չնայած ԱՄՆ պատժամիջոցների վտանգին։ Միաժամանակ Ինդոնեզիան  հրաժարվեց ռուսական Սու-35 կործանիչներից՝ պատժամիջոցների պատճառով:

Ըստ The Times of India թերթի՝ ՌԴ նախագահ Պուտինի՝ Հնդկաստան այցի ժամանակ ստորագրվել է Ս-400-ների ձեռքբերման պայմանագիրը: Ընդհանուր արժեքը կազմում է 5,43 միլիարդ ԱՄՆ դոլար և ներառում է Ս-400 ԶՀՀ-ների 5 գունդ ( ըստ «Վեդոմոստիի»՝ 10 դիվզիոն): 

Առաջին գունդը (2 դիվիզիոն) նախատեսվում է պատակարարել առաջին երկու տարվա ընթացքում, իսկ մնացած 4-ը՝ հինգ տարվա ընթացքում: (Նշենք, սակայն, որ սկզբնաղբյուրում ձևակերպումից հասկանալի չէ, թե 5 տարվա ժամկետը երբ է մեկնարկում, պայմանագրի կնքումից, թե առաջին գունդը ստանալուց հետո:)

Հիշեցնենք, որ ԱՄՆ-ն պատժամիջոներ է կիրառում Ռուսաստանի նկատմամբ, իսկ 2017-ի օգոստոսին ԱՄՆ-ն ընդունել էր նոր՝ «Պատժամիջոցների միջոցով Ամերիկայի հակառակորդներին հակազդելու մասին» (CAATSA) օրենք, որով սահմանափակվում են նաև երրորդ երկրների՝ Ռուսաստանից զենքի գնումները։

Սակայն, ըստ ԱՄՆ պետաքրտուղար Մայք Պոմպեոյի՝ 2018 թ. սեպտեմբերի 6-ի հայտարարության՝ ԱՄՆ–ն կարող է պատժամիջոցներ չկիրառել Հնդկաստանի դեմ՝ Ռուսաստանից Ս-400-ներ գնելու համար։ Պոմպեոն նման հայտարարություն էր արել Հնդկաստանի բարձրաստիճան պաշտոնյաների հետ հանդիպումից հետո:

Ռուսաստանն իր հերթին զիջումների է գնացել  Հնդկաստանի համար Ս–400 «Տրիումֆ» ԶՀՀ–ների վերջնական գնի հարցում։

Հնդկաստանը համալիրների գնման համաձայնությունը Ռուսատանից ձեռք է բերել 2016-ին՝ նախագահների մակարդակով, իսկ դրանք գնելու մտադրության մասին Հնդկաստանը  հայտարարել էր դեռևս 2015–ին։

Այնուամենայնիվ ԱՄՆ կողմից հնարավոր պատժամիջոնցները ազդեցին Ռուսաստանի մեկ այլ գործարքի վրա: Պատժամիջոցներով պայմանավորված՝ Ինդոնեզիան հրաժարվեց 11 միավոր Սու-35 կործանիչ գնելու գաղափարից, քանի որ ԱՄՆ-ից չէր ստացել երաշխիքներ, որ պատժամիջոցների տակ չի ընկնի:

Մեկնաբանել

Ձեր էլ. փոստի հասցեն չի հրատարակվելու: Պարտադիր դաշտերը նշված են *