Ուսումնասիրելով արբանյակային լուսանկարները՝ «Ռազմինֆոն» գտել է Ադրբեջանի բանակի «Բուկ» զենիթահրթիռային համալիրների մշտական տեղակայման 6 դիրք: Դրանցից մեկը նոր է, իսկ 5-ը նախկինում ևս եղել են ՀՕՊ դիրքեր: Այդ դիրքերը տեղակայված են Արցախում շփման գծի հյուսիսարևելյան հատվածի դիմաց և հայկական օդուժի հնարավոր հարձակումից պաշտպանում են Եվլախի ուղղությունը՝ կազմելով հակաօդային պաշտպանության «երկրորդ շղթան»։
Տվյալ դեպքում «առաջին շղթան» պայմանական համարում ենք առաջնագծին շատ ավելի մոտ տեղակայված դյուրակիր զենիթահրթիռային համալիրները, «Օսա» ԶՀՀ-ները ևն։
Բաց աղբյուրներից մեզ հասանելի արբանյակային լուսանկարների ուսումնասիրությունից պարզ է դառնում, որ առնվազն 2016 թվականից Ադրբեջանում հակաօդային պաշտպանության երկրորդ շղթայի՝ ավելի հին Ս-75 և Ս-125 համակարգերը փոխարինել են «Բուկ» ԶՀՀ-ներով: Նշենք նաև, որ Ս-75 ԶՀՀ-ներն ըստ ամենայնի առհասարակ հանվել են սպառազինությունից, իսկ Ս-125-երը արդիականացվել են և տեղակայվել այլ վայրերում։
Ադրբեջանական «Բուկերը» բաշխված են Մինգեչաուրից մինչև Բարդայի շրջան՝ միջինում առաջնագծից մոտ 30 կմ խորությամբ: Փաստացի դրանք ամրացնում են Բարդայի և Եվլախի ուղղությունը: Դիրքերը և դրանց փոփոխությունների պատմությունը առանձին ներկայացնում ենք ստորև՝ հոդվածին կցելով նաև քարտեզ:
«Բուկ» ԶՀՀ-ի դիրքերը տիպային կառույցներ են: Որպես կանոն դիրքում կա հողաթմբով շրջապատված 2 թիթեղյա ծածկ, որոնց տակ էլ կայանված են մեքենաները:
Օրինակ՝

Ադրբեջանի պաշտպանության նախարարը: Առջևում «Բուկ» է՝ թիթեղյա ծածկի տակ: 17 սեպտեմբերի, 2017 թ.։ Աղբյուր՝ Ադրբեջանի ՊՆ կայք.
1. Մինգեչաուր
Մինգեչաուր քաղաքի հյուսիսում է, Կուր գետից ձախ։ Առնվազն 2016 թ.-ից կառուցվել են «Բուկ» ԶՀՀ նոր դիրքեր։ Հարևանությամբ կան ՌԷՊ դիրքեր:
2. Ղարամուսալու
Գորանբոյի շրջանի Ղարամուսալու գյուղից հյուսիս է։ Նախկինում այստեղ Ս-75 ԶՀՀ-ի դիրք է եղել: Առնվազն 2015 թ.-ից սկսվել են ինժեներական աշխատանքները և «Բուկեր»-ի համար նախատեսված ենթակառուցվածքի կառուցումը:
3. Ղարամամմադլու
Գտնվում է Եվլախի շրջանի Ղարամամմադլու գյուղից հյուսիս-արևմուտք։ ՀՕՊ այս զորամասը նախկինում զինված էր Ս-75-ով, ապա վերազինվել է Ս-125-ով։ Առնվազն 2016 թ.-ից զորամասում «Բուկ»-երի դիրքեր են կառուցվում:
4. Ղարադաղլու
Գտնվում է Բարդայի շրջանի Ղարադաղլու գյուղից արևմուտք։ Նախկինում այստեղ եղել է Ս-125-ի մարտական դիրք: «Բուկերի» դիրքեր նկատվում են 2016 թ.-ից: Որակյալ արբանյակային լուսանկարների բացակայության պատճառով մեզ հայտնի չէ, թե կոնկրետ որ թվականից են այստեղ Ս-125-երը փոխարինել «Բուկերով»:
5. Խասիլու
Գտնվում է Բարդայի շրջանի Խասիլու գյուղից արևմուտք։ Թերևս ամենահետաքրքիր մարտկոցն է։ Այս զորամասը նախկինում զինված է եղել Ս-125 ԶՀՀ-ներով։ Հետագայում վերազինվել է «Բուկերով», սակայն 2017 թ. վերջում «Բուկերի» մարտական դիրքերից մեկն ապամոնտաժվել է ամբողջությամբ, իսկ մյուսը՝ մասամբ։
Միաժամանակ լուսանկարների ուսումնասիրությունից ակնհայտ է դառնում, որ իրենց տեղում են շարունակում մնալ մարտկոցի հրամանատարական կետը, հայտնաբերման և թիրախանշման կայանը։ Զորամասում կան նաև գարաժներ, ինչպես նաև քողածածկույթով կայանատեղի։ Բացի այդ համեմատաբար նորակառույց են նաև զորամասի զորանոցները։
Այս ամենը հիմք է տալիս ենթադրել, որ զորամասը դեռ գործող է, թեպետ առայժմ հասկանալի չէ, թե ինչու են ապամոնտաժվել մարտական դիրքերը։
6. Հինդարխ
Գտնվում է Աղջաբեդիի շրջանի Հինդարխ ավանի հարավում։ Այս դիրքի հարևանությամբ նախկինում եղել են Ս-125-ի դիրքեր: «Բուկի» մարտկոցը գործում է առնվազն 2016 թ.-ից, իսկ Ս-125-երը դուրս են բերվել:
Ադրբեջանական «Բուկերի» տեղակայման տրամաբանությունը
«Բուկ-Մ1» ԶՀՀ-ներն Ադրբեջանը գնել է 2013–15 թթ. Բելառուսից, որտեղ էլ դրանք արդիականացվել են՝ հասցվելով «Բուկ-ՄԲ» մակարդակի: Ըստ ռուսաստանյան «Զենքի համաշխարհային առևտրի վերլուծության կենտրոնի» (ЦАМТО) տվյալների՝ ընդհանուր առմամբ գնվել է 18 միավոր:
Այս 18 թիվն առանձին պարզաբանման կարիք ունի։ «Բուկ» ԶՀՀ մարտկոցն իր կազմում ունենում է ինքնագնաց կրակային համակարգ (ԻԿՀ 9Ա310Մ1) և արձակման-լիցքավորման համակարգ (ԱԼՀ` 9Ա39)։
Միաժամանակ ըստ միջազգային հեղինակավոր «Ջեյնս» գործակալության տվյալների՝ Ադրբեջանը 2014-ին ստացել է «Բուկ» ԶՀՀ-ի երկրորդ դիվիզիոնը կազմված 6 ԻԿՀ-ից և 3 ԱԼՀ-ից։
«Բուկի» մեկ մարտկոցը կազմված է լինում 2 ԻԿՀ-ից և 1 ԱԼՀ-ից, իսկ դիվիզիոնը՝ 3 մարտկոցից։ Վերոնշյալը հաշվի առնելով, կարող ենք եզրակացնել, որ ЦАМТО-ի հիշատակված 18 միավորը կազմված է12 միավոր ԻԿՀ-ից և 6 միավոր ԱԼՀ-ից։ Այդ տվյալներից բխում է նաև, որ Ադրբեջանն ունի «Բուկերի» 2 դիվիզիոն (6 մարտկոց)։
«Բուկ» մարտկոցների տեղակայման վայրերի ուսումնասիրությունը թույլ է տալիս եզրակացություններ անել նաև այդ երկու դիվիզիոնների կառուցվածքի մասին։
- (1) Մինգեչաուրի, (2) Ղարամուսալուի, (3) Ղարամամմադլուի մոտ տեղակայված մարտկոցներն, ըստ ամենայնի կազմում են առաջին դիվիզիոն, որի հրամանատարական կետը, ամենայն հավանականությամբ, Մինգեչաուրում է։ Այս դիվիզիոնը պաշտպանում է Մինգեչաուրի և Եվլախի ուղղությունը
- (4) Ղարադաղլուի,(5) Խասիլուի և (6) Հինդարխի մոտ գտնող մարտկոցներից էլ կազմված է երկրորդ դիվիզիոնը, իսկ հրամանատարական կետն էլ, ամենայն հավանականությամբ, Խասիլուում է։ Այս դիվիզիոնը պաշտպանում է Բարդայի և Եվլախի ուղղությունը։