Ռուս–հնդկական բանակցություններում Ռուսաստանը զիջումների է գնացել Ս–400 «Տրիումֆ» ԶՀՀ–երի վերջնական գնի հարցում։ Որոշումը պայմանավորված է Հնդկաստանի՝ Ռուսաստանի մարտավարական գործընկերն լինելով, սակայն զիջումը ի վնաս Ռուսաստանի չէ։ Այս մասին հայտնել է Ռուսաստանի ռազմատեխնիկական համագործակցության դաշնային ծառայության տնօրեն Դմիտրի Շուգաևը, փոխանցում է «ՌԻԱ Նովոստի» գործակալությունը։
Շուգաևի խոսքով՝ Ս-400–ների մատակարարումները կարող են մեկնարկել 2020 թվականին, եթե մինչև տարեվերջ ստորագրված լինի պայմանագիրը։ Հիմնական դրույթներն արդեն համաձայնեցված են, պայմանագրի ստորագրումը սպասվում է հոկտեմբերին։
Ս-400 համալիրների և 15556 դասի ֆրեգատների գնման համաձայնությունը Հնդկաստանը ձեռք է բերել 2016-ի հոկտեմբերին՝ նախագահների մակարդակով։
Սակայն Համալիրների գնման մտադրության մասին Հնդկաստանի ՊՆ-ն հայտնել էրդեռևս 2015 թվականի դեկտեմբերին: Երկրի ՊՆ պաշտպանական գնումների խորհուրդը որոշել էր Ռուսաստանից գնել Ս-400 զենիթահրթիռային համակարգերի 5 գնդային լրակազմ՝ դրա համար հատկացնելով 400 մլրդ ռուփի (մոտ 6 մլրդ ամերիկյան դոլար):
Նշենք, որ այս պայմանագրի կնքման դեպքում Հնդկաստանը կդառնա Ս-400 ՀՕՊ զենիթահրթիռային համակարգերի երրորդ արտասահմանյան պատվիրատուն՝ Չինաստանից և Թուրքիայից հետո։
Թուրքիան Ս-400–ների պայմանագիրը ստորագրել է 2017 թ. վերջին: Այն ենթադրում է Թուրքիային 4 դիվիզիոն ՀՕՊ համակարգի վաճառք: 4 դիվիզիոնի համար Թուրքիան պետք է վճարի 2,5 մլրդ դոլար, որի մի մասը՝ Ռուսաստանից ստացած վարկի միջոցներով: