Ռուսաստանն ավարտել է պայմանագրով նախատեսված Ս-300 համակարգերի մատակարարումը Իրանին: Այս մասին այսօր` հոկտեմբերի 13-ին Սպառազինությունների և պաշտպանական տեխնոլոգիաների հայկական ArmHiTec-2016 ցուցահանդեսի ժամանակ հայտնել է ՌԴ ռազմատեխնիկական համագործակցության գծով դաշնային գործակալության տնօրեն Ալեքսանդր Ֆոմինը:
Ռուսաստանյան «ՏԱՍՍ» լրատվական գործակալության հաղորդմամբ՝ Ֆոմինը հայտնել է, որ Ռուսաստանը մատակարարել է բոլոր դիվիզիոնները, սակայն այլ մանրամասներ չի նշել:
Իրանը և Ռուսաստանը 5 դիվիզիոն Ս-300 զենիթահրթիռային համակարգերի գնման 800 միլիոն դոլար արժողությամբ պայմանագիրը կնքվել են 2007-ին: Սակայն ՄԱԿ-ի՝ Իրանին ժամանակակից սպառազինություն վաճառելու արգելքից հետո Ռուսաստանը չեղյալ հայտարարեց պայմանագիրը, ինչը, սակայն, դուրս էր ՄԱԿ-ի արգելքի սահմաններից:
Այնուամենայնիվ, 2015-ի ապրիլին ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը հրամանագիր ստորագրեց՝ Իրանին Ս-300 վաճառելու արգելքը հանելու վերաբերյալ և նույն տարվա նոյեմբերից պայմանագիրը դարձյալ ուժի մեջ մտավ:
Իսկ օգոստոսին ՌԴ ռազմարդյունաբերական պետական հանձնաժողովի քարտուղար, փոխվարչապետ Դմիտրի Ռոգոզինը հայտարարեց, որ Իրանն արդեն ստացել է պայմանագրով նախատեսված Ս-300 ԶՀՀ-ների կեսը:
Մատակարարված Ս-300 ԶՀՀ-ները Իրանը ցուցադրել է սեպտեմբերի 21-ին` իրանա-իրաքյան պատերազմի հիշատակին նվիրված զորահանդեսի շրջանակներում: