Աֆղանսատանի հյուսիսային Քունդուզ քաղաքն ազատագրվել է թալիբներից

Իննօրյա մարտերից հետո Աֆղանստանի ազգային պաշտպանության և անվտանգության ուժերը «Թալիբան» ահաբեկչական խմբավորման զինյալներից ազատագրել են Քունդուզ քաղաքը։ Այս մասին հայտնում է աֆղանական Khaama Press լրատվական գործակալությունը՝ հղում անելով տեղի կառավարական ուժերին։

Աֆղանստանի մարդու իրավունքների անկախ հանձնաժողովը փոխանցում է, որ սպանվել է նվազագույնը 50 խաղաղ բնակիչ,  վիրավորվել՝ 350֊ը։

«Թալիբան» ահաբեկչական կազմակերպության զինյալները Աֆղանստանում

«Թալիբան» ահաբեկչական կազմակերպության զինյալները Աֆղանստանում

Քունդուզի ոստիկանության պետ Մոհամմադ Մասում Հաշեմին հայտնում է, որ բացառությամբ որոշ թաղամասերի, քաղաքը զինյալներից մաքրելու գործողությունն ավարտվել է հոկտեմբերի 11-ի ուշ գիշերը:

Հիշեցնենք, որ Աֆղանստանում  հոկտեմբերի լույս 3-ի գիշերվանից «Թալիբան» ահաբեկչական խմբավորումը գրոհել է Քունդուզ քաղաքի վրա, նրանց հաջողվել է քաղաքի մի մասը գրավել, մարտերը ընթացել են փոփոխական հաջողություններով։ Իսկ  մարտերի ութերորդ օրվա դրությամբ, ըստ ՄԱԿ֊ի հումանիտար հարցերի համակարգման վարչության զեկույցի, քաղաքը ստիպված է եղել լքել 32 հազար մարդ։

Իսկ մի տարի առաջ՝ սեպտեմբերի 28-ին թալիբները գրավել էին Քունդուզ քաղաքը։ Չնայած հոկտեմբերի 1-ին կառավարական ուժերին հաջողվել էր ազատագրել Քունդուզը, քաղաքի գրավումը թալիբանների համար ամենախոշոր հաջողությունն է պատերազմի 15 տարիների ընթացքում։

«Թալիբանը» իսլամիստական ծայրահեղական շարժում է, որը ձևավորվել է 1994 թվականին Աֆղանստանում, իսկ 1996-2001 թթ. ղեկավարել Պակիստանի հյուսիսում գտնվող Վազիրիստան նահանգը: Թալիբների պայքարի նպատակը Աֆղանստանը օտարերկրյա ուժերից մաքրելը և շարիաթի օրենքների հաստատումն է։

Հիշեցնենք, որ ահաբեկչական խմբավորումների դեմ պայքարում տեղական անվտանգային կառույցներին օժանդակում են ՆԱՏՕ-ի անդամ և գործընկեր պետությունները, որոնք հուլիսի 8-ին ՆԱՏՕ-ի գագաթաժողովի ընթացքում որոշեցին, որ իրենց «Վճռական աջակցություն» առաքելությունը շարունակելու են նաև 2016-ից հետո, իսկ Աֆղանստանի ուժայիններին ֆինանսավորումը շարունակելու են մինչև 2020թ.: «Վճռական աջակցություն» առաքելությանը մասնակցում է նաև Հայաստանը՝ ՀՀ ԶՈւ 126 խաղաղապահ զինծառայողներով:

One response to “Աֆղանսատանի հյուսիսային Քունդուզ քաղաքն ազատագրվել է թալիբներից

  1. Pingback: Աֆղանստանում ամերիկացի 2 զինվոր է սպանվել | Ռազմ.info

Մեկնաբանել

Ձեր էլ. փոստի հասցեն չի հրատարակվելու: Պարտադիր դաշտերը նշված են *