«Թալիբան» ծայրահեղական շարժման անդամները հուլիսի 27 լույս 28-ի գիշերն Աֆղանստանի հյուսիսարևելյան Կունդուզ նահանգում գրավել են 80 բնակավայր: Վերջիններիս դեմ կռվի ժամանակ զոհվել կամ վիրավորել է մոտ 14 բնակիչ։ Այս մասին հայտնել է Կունդուզի նահանգապետ Մուհամմադ Յուսուֆ Այուբին. փոխանցում է Աֆղանստանի TOLO News հեռուստաալիքի կայքը։
Հարձակման հետևանքով հարյուրավոր քաղաքացիներ ստիպված են եղել լքել իրենց տները։
Նշենք, որ վերջին ամիսներին «Թալիբանին» հաջողվել է գրավել մի քանի շրջաններ, որոնք, սակայն, կառավարական ուժերը կարճ ժամանակահատվածում կրկին վերցրել են իրենց վերահսկողության տակ։
Նշենք, որ «Թալիբանի» և «Ալ Քաիդայի» զինյալները ներկայումս պայքարում են երկրից վերջնականապես հեռացնելու համար ամերիկյան և մյուս պետությունների զորքերը, որոնք Աֆղանստանում են ՆԱՏՕ-ի ու վերջինիս դաշնակիցների՝ Աֆղանստանում մեկնարկած ISAF առաքելության, իսկ 2015-ի հունվարի 1-ից՝ «Վճռական աջակցություն» առաքելության շրջանակներում։
Հավելենք նաև, որ Աֆղանստանի կառավարությունը քայլեր է ձեռնարկում «Թալիբանի» զինյալների հետ խնդիրները խաղաղ բանակցությունների միջոցով լուծելու համար։ Դեռևս մայիսի 3-ին, աֆղանական իշխանությունները «Թալիբանի» հետ զինադադար կնքելու ոչ պաշտոնական բանակցություններ են վարել Քաթարում, իսկ հուլիսի 7-ին Պակիստանի մայրաքաղաք Իսլամաբադում կայացել է նաև պաշտոնական բանակցությունների առաջին փուլը։
Հիշեցնենք, որ «Թալիբանի» ներկայացուցիչների հետ բանակացությունների երկրորդ փուլը նախատեսվում է անցկացնել հուլիսի 30-ին Չինաստանում։
Քարտեզում նշված է Աֆղանստանի Քունդուզ նահանգը: Այն սահմանակից է Տաջիկստանի հետ, որտեղ էլ մայիսին անցկացվեց ՀԱՊԿ օպերատիվ արձագանքման հավաքական ուժերի զորավարժությունը, որի նպատակն էր չեզոքացնել երկիր ներխուժած ահաբեկիչներին: Զորավարժությանը մասնակցում էր նաև Հայաստանի զինված ուժերի ստորաբաժանումը:
Ահաբեկիչների դեմ պայքարի ևս մեկ զորավարժություն Տաջիկստանը հարևան Ղրղզստանի հետ կազմակերպել էր օրեր առաջ: Դրա սցենարով նույնպես պետք է իրավապահները ոչնչացնեին ահաբեկիչներին:
Pingback: «Թալիբան» ահաբեկչական խմբավորումը գրոհում է Աֆղանսատանի հյուսիսային Քունդուզ քաղաքը | Ռազմ.info