Ռուսական պետական «Ռոսօբորոնէքսպորտ» ընկերությունը հայտնել է, որ Թուրքիային համակարգերի մատակարարման ժամկետներում որևէ փոփոխություն չի եղել, ինչպես հայտարարել էր Թուրքիայի պաշտպանության նախարար Հուլուսի Աքարը։
Այս մասին նշված է ընկերության պաշտոնական հաղորդագրությունում, փոխանցում է ռուսական «ՏԱՍՍ» լրատվական գործակալությունը։ Բացի այդ՝ Ռուսաստանի նախագահի մամուլի խոսնակ Դմիտրի Պեսկովը հայտարարել է, որ համակարգերը հնարավոր է նույնիսկ ավելի շուտ մատակարարվեն։
Հիշեցնենք, որ մայիսի 27-ին Թուրքիայի պաշտպանության նախարարը հայտարարեց, որ Ս–400-ները, հնարավոր է, Թուրքիա մատակարարվեն նախատեսված ժամկետից՝ հունիսից ուշ, սակայն մոտակա ամիսներին։ Ըստ նախարարի՝ գործընթացն արդեն սկսվել է։
Հիշեցնենք, որ այսօր ավելի վաղ միջազգային «Ռոյթերս» լրատվական գործակալությունը տեղեկություն էր հրապարակել, թե ամերիկյան կողմը պատրաստվում է այս գործարքի համար դադարեցնել թուրք օդաչուների մարզումները ամերիկյան F-35 կործանիչների համար։