Մայիսի 23–ին Ուկրաինայում «ՌԿ–360ՄՑ» առափնյա պաշտպանության հրթիռային համակարգերը գործարանային փորձարկումներ են անցել։ Կիրառվել են են «Ռ–360Ա Նեպտուն» հականավային թևավոր հրթիռներ։
Այս մասին հայտնում է «Ուկրօբորոնպրոմ» պետական ընկերությունը։
«ՌԿ–360ՄՑ»–ի հիմնական արտադրողը ուկրաինական պետական «Լուչ» ձեռնարկությունն է։ Արտադրմանը աջակցել են 9 պետական և մասնավոր ձեռնարկություններ ու կորպորացիաներ, այդ թվում՝ պետական «Ուկրօբորոնպրոմ»–ը։
«ՌԿ–360ՄՑ» համալիրը բաղկացած է 6 արձակման կայանից, որոնցից յուրաքանչյուրը կրում է 4 հրթիռ, հեռահարությունը 7–280 կմ է։ Համալիրի «Ռ–360Ա» հրթիռը կշռում է 870 կգ, որից 150 կգ–ը՝ մարտական մասն է։ Համալիրի բացազատման ժամանակը մինչև 15 րոպե է, այն կարող է առանց լիցքավորվելու տեղաշարժվել մինչև 1000 կմ։
Նշենք նաև, որ սա «Նեպտունների» հերթական փորձարկումն էր։ Առաջին փորձարկումնը եղել էր ապրիլի 5–ին և փորձարկմանը ներկա էր երկրի արդեն նախկին նախագահ Պյոտր Պորոշենկոն։ Պլանավորվում է 2019 թվականի օգոստոս–հոկտեմբերին անցկացնել «Նեպտունի» պետական փորձարկումները։
Ուկրաինական defense express մասնագիտացված կայքի հաղորդմամբ՝ փորձարկվող հրթիռները որոշակի փոփոխությունների են ենթարկվել համեմատած գործարանային նախնական տարբերակի։ Կայքի փոխանցմամբ՝ փոփոխությունները մասնավորապես վերաբերում են մեկնարկային արագացուցիչին (ռուս․՝ стартовый ускоритель), հրթիռի նոր «թևերին» և նոր ռադիոբարձրաչափին (ռուս․՝ радиовысотомер)։
Ըստ bmpd բլոգի՝ հրթիռների ու հրթիռային համակարգն ունեն բազմաթիվ վիճահարույց կողմեր։ Բլոգը մասնավորապես շեշտում է ուկրաինական հրթիռի՝ ռուսական արտադրության 3Մ24/Խ–35 «Ուրան» (ռուս․՝ 3М24/Х-35 Уран) հականավային հրթիռի կրկնօրինակ լինելը։ Նաև խնդրահարույց է հրթիռի համար ակտիվ ռադիոլոկացիոն ինքնանշանառվող մարտագլխիկի (АРЛГСН) մշակումը, քանի որ ուկրաինական ընկերությունները չունեն բավարար փորձ։ Սակայն պետք է նշել, որ այժմ համակարգի մշակմամբ զբաղվում է ուկրաինական մասնավոր «Ռադիոնիկս» ընկերությունը, որն ունի նույն համակարգով «օդ–օդ» տեսակի «Ռ–27» հրթիռի արդիականացման փորձ։