Դեկտեմբերի 29-ին Անկարայում Թուրքիայի և Ռուսաստանի ներկայացուցիչները ստորագրել են Թուրքիային ռուսաստանյան Ս-400 զենիթահրթիռային համալիրների վաճառքի համար վարկի տրամադրման պայմանագիրը: Այս մասին հայտնում է թուրքական TRT պետական հեռուստաընկերության կայքը:
Ավելի վաղ Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը հայտարարել է, որ Ռուսաստանին Ս-400-ների համար վճարելու են ոչ թե ամերիկյան դոլարով, այլ ռուսական ռուբլիով:
Դեկտեմբերի 27-ին «Ռոստեխ» կորպորացիայի գլխավոր տնօրեն Սերգեյ Չեմեզովը հայտարարել է, որ Թուրքիան Ռուսաստանից գնել է 4 դիվիզիոն Ս-400 ՀՕՊ համակարգ՝ 2,5 միլիարդ դոլարով: Ըստ նրա՝ առաջին մատակարարումները նախատեսվում է սկսել 2020 թ. սկզբից:
Դրանից առաջ էլ Թուրքիայի պաշտպանության նախարարը հայտարարել էր, որ Ս-400-ների առաջին համալիրները ստանալու են 2019-ին։
Հավելենք, որ դեկտեմբերի 14-ին Թուրքիայի արտգործնախարարը նշել էր, որ Թուրքիայում Ս-400-ների տեղակայման համար տեխնիկական աշխատանքներ են արվում։ Թուրքիան համապատասխան ինժեներներ կպատրաստի, անհրաժեշտության դեպքում հնարավոր է ՌԴ-ից ևս տեխնիկներ և ինժեներներ հրավիրվեն։
Թուրքիան և Ռուսաստանը Ս-400-ների համար սկսել են բանակցել դեռևս 2016-ի հոկտեմբերից: