Վրաստանի Թելավ քաղաքում հատուկջոկատայիններ են մոբիլիզացվել. ՊՆ-ն հրաժարվում է մեկնաբանել

Դեկտեմբերի 29-ի գիշերը Վրաստանի հյուսիսային Թելավ քաղաք են ուղարկվել հատուկ նշանակության ուժերի հավելյալ ստորոբաժանումներ: Վրաստանի ազգային գվարդիայի 20-րդ բրիգադ է փոխադրվել զինծառայողների նոր խումբ՝ 50 պիկապով: Վրաստանի պաշտպանության նախարարությունը հայտարարել է, որ ԶՈւ ԳՇ-ն զորքերի տեղաշարժի մասին տեղեկություն չունի, փոխանցում է Rustavi 2 հեռուստաընկերությունը:

Հիշեցնենք, որ օրեր առաջ Վրաստանի Պանկիսիի կիրճում ներքին գործերի նախարարությունն իրականացրել է ահաբեկչական կառույցների հետ համագործակցության մեջ մեղադրվող անձանց ձերբակալման հատուկ գործողություն: Տարբեր գյուղեր մտած ՆԳՆ հատուկջոկատայինները 5 անձի են ձերբակալել:

Ըստ Վրաստանի պետանվտանգության ծառայության՝ կասկածյալներից մեկը՝ 19-ամյա Թեմիրլան Մաչալիկաշվիլին, դիմադրություն է ցուցաբերել և փորձել է նռնակ կիրառել, սակայն ուժայինները կրակել են նրան: Մաչալիկաշվիլին ծանր վիրավորվել է, և նրան տեղափոխել են հենց Թելավի հիվանդանոց, որտեղ ներկայում մոբիլիզացվել են նոր ուժեր:

Նշենք, որ նրան և մյուս ձերբակալվածներին մեղադրում են ահաբեկիչների, մասնավորապես Ահմեդ Չատաևի հետ համագործակցության համար:  Չատաևը սպանվել էր վերջերս Թբիլիսիիում անցկացված հակաահաբեկչական գործողության ընթացքում: Այդ ժամանակ Չատաևը մի քանի այլ ահաբեկիչների հետ շուրջ 20 ժամ հատուկ նշանակոթւյան ուժերի, ոստիկաների հետ փոխհրաձգություն էր վարում՝ տեղակայվելով Թբիլիսիի շենքերից մեկի բնակարանում: Գործողության ընթացքում սպանվել է 1 վրացի հատուկջոկատային, վիրավորվել է 4-ը, իսկ բոլոր ահաբեկիչները ոչնչացվել են:

Հավելենք, որ Պանկիսիի կիրճում հիմնականում իսլամադավան կիստեր են բնակվում: Հենց այս շրջանից են ամենաշատ թվով ահաբեկիչներ գնացել Սիրիա և Իրաք՝ անդամակցելու տարբեր ահաբեկչական խմբավորումների, այդ թվում հատկապես՝ «Իսլամական պետությանը:

Ըստ ոչ պաշտոնական աղբյուրներից ստացված տվյալների՝ Սիրիայում տարբեր ահաբեկչական խմբավորումների կազմում կռվում է Վրաստանի շուրջ 50 քաղաքացի: Պանկիսիի կիրճից էր նաև ԻՊ հայտնի դաշտային հրամանատար, կառույցի «ռազմական նախարար» Թարխան Բատիրաշվիլին (Աբու Օմար Աշ-Շիշանի):

Մեկնաբանել

Ձեր էլ. փոստի հասցեն չի հրատարակվելու: Պարտադիր դաշտերը նշված են *