Վրաստանի հյուսիսում տեղակայված Պանկիսիի կիրճում այդ երկրի ներքին գործերի նախարարությունն իրականացնում է ահաբեկչական կառույցների հետ համագործակցության մեջ մեղադրվող անձանց ձերբակալման հատուկ գործողություն: Տարբեր գյուղեր մտած հատուկջոկատայինները արդեն իսկ առնվազն 4 անձի ձերբակալել են: Այս մասին հայտնում է վրացական Rustavi 2 հեռուստաընկերության կայքը:
Դիուսի գյուղում՝ միայն մի կասկածյալի տան մոտ մոբիլիզացվել է շուրջ 60 հատուկջոկատային: Այդ և մյուս ձերբակալվածներին կասկածում են ահաբեկիչների, մասնավորապես՝ Ահմեդ Չատաևի հետ համագործակցության համար:
Ըստ որոշ աղբյուրների՝ ձերբակալությունների ընթացքում նաև զենք է առգրավվել: Կասկածյալներից մեկը փորձել է ուժայինների դեմ նռնակ կիրառել, բայց նույն ուժայինների կրակոցից վիրավորվել և տեղափոխվել է հոսպիտալ:
Հիշեցնենք, որ Չատաևը սպանվել էր Վերջերս Թբիլիսիիում անցկացված հակաահաբեկչական գործողության ընթացքում: Այդ ժամանակ Չատաևը մի քանի այլ ահաբեկիչների հետ շուրջ 20 ժամ հատուկ նշանակոթւյան ուժերի, ոստիկաների հետ փոխհրաձգություն էր վարում՝ տեղակայվելով Թբիլիսիի շենքերից մեկի բնակարանում: Գործողության ընթացքում սպանվել էր 1 վրացի հատուկջոկատային, 4 վիրավորվեցին, իսկ բոլոր ահաբեկիչները ոչնչացվեցին:
Հավելենք, որ Պանկիսիի կիրճում հիմնականում իսլամադավան կիստեր են բնակվում: Հենց այս շրջանից են ամենաշատ թվով ահաբեկիչներ գնացել Սիրիա և Իրաք՝ անդամակցելու տարբեր ահաբեկչական խմբավորումների, այդ թվում հատկապես՝ «Իսլամական պետությանը:
Ըստ ոչ պաշտոնական աղբյուրներից ստացված տվյալների՝ Սիրիայում տարբեր ահաբեկչական խմբավորումների կազմում կռվում է Վրաստանի շուրջ 50 քաղաքացի: Պանկիսիի կիրճից էր նաև ԻՊ հայտնի դաշտային հրամանատար, կառույցի «ռազմական նախարար» Թարխան Բատիրաշվիլին (Աբու Օմար Աշ-Շիշանի):