Նոյեմբերի 22-ին Թուրքիայի պաշտպանության նախարար Նուրեթթին Ջանիքլին հայտարարել է, որ Ռուսաստանի հետ արդեն ստորագրել են Ս-400 ՀՕՊ համակարգերի մատակարարման համաձայնագիրը. առաջին համակարգը նախատեսվում է մատակարարել արդեն 2019 թ.: Փոխանցում է թուրքական պետական «Անադոլու» լրատվական գործակալությունը:
Թուրք նախարարը, սակայն, խոսել է «օպցիոնով 2 Ս-400 համակարգի մատակարարման» մասին.
«Համաձայնագրի շրջանակներում մեկը որպես օպցիոն՝ 2 միավոր Ս-400 համակարգ է մատակարարվելու»:
Այս հայտարարությունը մի շարք անհասկանալի հարցեր է առաջ բերում: Առաջինը՝ ինչ ի նկատի ունի Ջանիքլին. խոսքը 2 միավոր արձակման կայանի, թե՞ երկու դիվիզիոնի մասին է: Լրատվակայքը խոսքը կիսատ էր մեջ բերել, ուղիղ խոսքում Ջանիքլին նշում է 2 միավորի/հատի մասին:
Երկրորդը՝ ինչ է նշանակում «որպես օպցիոն». արդյո՞ք կողմերը դեռ չեն ստորագրել հիմնական համաձայնագիրը և միայն նշված «2 Ս-400-ի» նախնական մատակարարման շուրջ են համաձայնության եկել:
Դեռ նոյեմբերի 11-ին Թուրքիայի պաշտպանության նախարար Նուրեթթին Ջանիքլին հայտարարել էր, որ Ռուսաստանից Ս-400 համակարգեր գնման ուղղությամբ տարվող գործընթացն ավարտված է:
Ավելի վաղ էլ հայտնի էր դարձել, որ Թուրքիային ռուսաստանյան Ս-400 «Տրիումֆ» ԶՀՀ-ներ վաճառելու վերաբերյալ պայմանագրի գումարը գերազանցում է 2 մլրդ դոլարը: Այդ ժամանակ խոսվում էր Թուրքիային նշված համակարգերից 4 դիվիզիոն մատակարարելու մասին:
Ավելացնենք, որ, ըստ Ռուսաստանի ռազմատեխնիկական հարցերով համագործակցության դաշնային ծառայության պաշտոնական ներկայացուցչի՝ Մոսկվան մատակարարումը կսկսի միայն գումարի ամբողջական վճարումից հետո: