Չինացիները ՌԴ-ում ստուգում են իրենց պատվիրած Ս–400-ների տեխնիկական վիճակը

Ռուսաստան են ժամանել Չինաստանի ազգային–ազատագրական բանակի զինծառայողներ, որոնք Ս–400 «Տրիումֆ» զենիթահրթիռային համակարգերի տեխնիկական ստուգումներ են կատարում Աստրախանի «Կապուստին յար» զորավարժարանում։ Չինացի մասնագետները ստուգում են Չինաստանի համար պատրաստված Ս–400 ԶՀՀ–ների երկրորդ գնդային լրակազմը։

Այս մասին հայտնում է «ՏԱՍՍ» գործակալությունը` հավելելով, որ Ս–400–ների կրակային փորձարկումներ չեն նախատեսվում։

Նշենք, որ ապրիլին հայտարարվել էր Չինաստանի համար պատրաստված Ս–400 ԶՀՀ–ի երկրորդ գնդային լրակազմի պատրաստ լինելու մասին։ Ինչպես նաև հայտնի է, որ Ս–400-ները մատակարարվելու են հուլիսից։

Այժմ Ռուսաստանում պատրաստվում են զենիթահրթիռային համալիրների չինացի մասնագետներ, իսկ երկրորդ գնդային լրակազմի համար Ռուսաստանը արդեն մի քանի տասնյակ հրթիռներ է մատակարարել Չինաստանին։

Չինաստանը Ս–400 ԶՀՀ–ների առաջին արտասահմանյան գնորդն է և պայմանագիր կնքվել էր 2014 թվականին, 2 գնդային լրակազմի համար։ Առաջին լրակազմը Չինաստանը ստացել էր 2018 թվականի մայիսին։

Մեկնաբանել

Ձեր էլ. փոստի հասցեն չի հրատարակվելու: Պարտադիր դաշտերը նշված են *