Լեհաստանը Ֆ-35-եր կգնի․ Պաշտոնական

Lockheed Martin ընկերության արտադրած Ֆ-35Ա (F-35A Lightning II) կործանիչներ գնելու համար Լեհաստանը պաշտոնական հարցում է ուղարկել ԱՄՆ-ին: Լեհաստանը ցանկանում է գնել 32 միավոր կործանիչ, ինչպես նաև ուսուցման փաթեթ և տեխսպասարկման միջոցներ։

Այս մասին հայտնել է Լեհաստանի ազգային պաշտպանության նախարար Մարիուշ Բլաշչեկը։ Փոխանցում է լեհական Defence24-ը մասնագիտացված կայքը։

Նախարարը նշել է, որ հետխորհրդային տեխնիկայով հագեցած ավիապարկը 5-րդ սերնդի կործանիչներով թարմացնելը Լեհաստանի համար առաջնային է։ Նշենք, որ չնայած պաշտոնական հայտարարությանը, Լեհաստանի պաշտպանական գերատեսչության ղեկավարը բազմիցս շեշտել է 5-րդ սերնդի կործանիչներ գնելու մասին։

Նախ տարեսկզբին՝ մինչև 2026 թվականի ռազմական բյուջեն պլանավորելու ժամանակ, Բլաշչեկը հայտարարել էր 5-րդ սերնդի կործանիչներ գնելու մասին։ Պաշտոնյան այդ ժամանակ Ֆ-35-երի մասին ակնարկելով՝ ասել էր, որ դրանք կկարողանան արդյունավետ համագործակցել սպառազինության մեջ առկա F-16–երի հետ։

Ապա ապրիլին Պենտագոնի ներկայացուցիչ Մաթիաս Վինթերը ԱՄՆ Կոնգրեսին ներկայացրած զեկույցում հայտարարել էր, որ Lockheed Martin ընկերության F-35 կործանիչների հավանական գնորդներից մեկը կարող է լինել Լեհաստանը։

Հարկ է նշել նաև, որ Բլաշչեկը իր հայտարարություններից մեկում նշել էր, որ կործանիչների գնումը հնարավոր է ուղեկցվի Լեհաստանում ԱՄՆ-ի մշտական ռազմաբազա հիմնելու հետ։

Ֆ-35Ա կործանիչները լեհական ավիապարկում փոխարինելու են խորհրդային արտադրության ՄիԳ-29 կործանիչներին և Սու-22Մ4 կործանիչ-գրոհչներին, որոնց քանակը Լեհաստանի սպառազինությունում համապատասխանաբար21 և 26 միավոր է։

Հավելենք նաև, որ ռուսական «Ռազմավարության և տեխնոլոգիաների վերլուծության կենտրոնի» (ЦАСТ) bmpd բլոգը, հղում անելով լեհ փորձագետներին, հայտնել էր, որ 32 միավոր F–35 կործանիչները կարժենան ամենաքիչը 5.27 միլիարդ դոլար։

Մեկնաբանել

Ձեր էլ. փոստի հասցեն չի հրատարակվելու: Պարտադիր դաշտերը նշված են *