Ռազմաշաբաթ․ Հայաստան․ 14-20 հունիսի, 2015

Մովսես Հակոբյանը նշանակվել է ՀՀ զինված ուժերի գլխավոր շտաբի պետի տեղակալ, իսկ Լյովա Մնացականյանը` ՊԲ հրամանատար • Սեյրան Օհանյանը ՊԲ ներկա և նախկին հրամանատարների հետ եղել է Արցախի առաջնագծում • Ընթացքից հարձակում՝ «հակառակորդի» ուժերը ոչնչացնելու համար. ՀՀ ԶՈւ զորավարժություն • ՀՀ ՊՆ Մոնթե Մելքոնյանի անվան վարժարանի սաները ճամբարային հավաք են անցկացնում • ՊԲ-ում մեկնարկել են ուսումնական փուլի ամփոփման ստուգումները • ԱԺ-ն երկրորդ ընթերցմամբ ընդունել է վիրավոր զինծառայողներին արտերկրում բուժելու մասին օրենքը • ՀՀ ՊՆ պատվիրակությունը ՌԴ-ում քննարկել է ռազմական արտադրանքի մատակարարման հարցեր • ՀՀ ՊՆ ռազմական ինստիտուտներում սկսվել է մեկամյա սպայական դասերի ընդունելությունը • ԵԱՀԿ դիտարկում Օմարի լեռնանցքում • Գյումրիում հայտնաբերվել է 102-րդ ռազմաբազայի սպանված ռուս զինծառայողի դի

Սեյրան Օհանյանի այցը ՊԲ առաջնագիծ՝ Մովսես Հակոբյանի և Լյովա Մնացականյանի ուղեկցությամբ

Սեյրան Օհանյանի այցը ՊԲ առաջնագիծ՝ Մովսես Հակոբյանի և Լյովա Մնացականյանի ուղեկցությամբ

• ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանի հունիսի 15-ի հրամանագրով գեներալ-լեյտենանտ Մովսես Հակոբյանը նշանակվել է ՀՀ զինված ուժերի գլխավոր շտաբի պետի տեղակալ, իսկ ՊԲ հրամանատարի պաշտոնը զբաղեցրել է Հայաստանի ԶՈւ ԳՇ պետի տեղակալի պաշտոնից ազատված գեներալ-լեյտենանտ Լյովա Մնացականյանը, ում հունիսի 17-ին Արցախի նախագահ Բակո Սահակյանը ներկայացրել է Պաշտպանության բանակի հրամանատարական կազմին:

• Հունիսի 17-ին ՀՀ պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանը ՊԲ նորանշանակ հրամանատար, գեներալ-լեյտենանտ Լյովա Մնացականյանի և գեներալ-լեյտենանտ Մովսես Հակոբյանի ուղեկցությամբ այցելել է բանակի արևելյան մի շարք մարտական հենակետեր:

• Հունիսի 5-ից 6-ը Հայաստանի «Բաղրամյան» զորավարժարանում մարտական հրաձգության կիրառմամբ մարտավարական գումարտակային զորավարժություն է անցկացրել 5-րդ բանակային զորամիավորման զորամասերից մեկը: Մի քանի օր մարտական առաջադրանքներ կատարելուց հետո ստորաբաժանումն ընթացքից հարձակման է անցել՝ պայմանական հակառակորդի հիմնական ուժերը ոչնչացնելու նպատակով:

Մոնթե Մելքոնյանի անվան վարժարանի կուրսանտը՝ կրակային պատրաստության նորմատիվները հանձնելիս

Մոնթե Մելքոնյանի անվան վարժարանի կուրսանտը՝ կրակային պատրաստության նորմատիվները հանձնելիս

• Հունիսի 2-ից Հայաստանի «Բաղրամյան» ուսումնական զորավարժարանում մեկնարկել է Մոնթե Մելքոնյանի անվան ռազմամարզական վարժարանի կուրսանտների ճամբարային հավաքը: Տարաբնույթ նորմատիվների անցկացման ընթացքում սաներն իրենց ստացած տեսական գիտելիքները կիրառում են գործնականում:

• Հունիսի 15-ից ՊԲ-ում մեկնարկել են 2015թ. ուսումնական տարվա առաջին կիսամյակի հսկողական ստուգումները, որոնց նպատակն է ամփոփել ուսումնաշրջանում կատարված աշխատանքների արդյունքները, ստուգել զորամասերի և զինանձնակազմի պատրաստվածության աստիճանը:

• Հունիսի 18-ին ՀՀ ազգային ժողովում երկրորդ ընթերցմամբ ընդունվել է օրենքի նախագիծ, ըստ որի՝ եթե մարտական հերթապահության ժամանակ կամ առաջնագծում ծառայողական պարտականությունները կատարելիս ՀՀ ԶՈւ զինծառայողի ստացած վնասվածքի կամ խեղման կամ ծագած հիվանդության բուժումը Հայաստանում հնարավոր չլինի, ապա բուժումը կազմակերպվելու է արտերկրում՝ ՀՀ բյուջեի հաշվին:

• Հունիսի 16-ից 19-ը ՀՀ ՊՆ տեղակալ — նյութատեխնիկական ապահովման դեպարտամենտի պետ Ալիկ Միրզաբեկյանի պատվիրակությունը Ռուսաստանում «Ռոսօբորոնէկսպորտի» ղեկավարության հետ քննարկել է ռազմական նշանակության արտադրանքի մատակարարումների հարցեր, մասնակցել «Բանակ-2015» միջազգային ռազմատեխնիկական համաժողովին և ԱՊՀ-ի մասնակից պետությունների ռազմատեխնիկական կոմիտեի հերթական նիստին:

• ՀՀ պաշտպանության նախարարությունը հայտարարել է ՀՀ ՊՆ Վազգեն Սարգսյանի անվան ռազմական ինստիտուտում և ՀՀ ՊՆ մարշալ Արմենակ Խանփերյանցի անվան ռազմական ավիացիոն ինստիտուտում կազմակերպվող մեկամյա սպայական դասընթացների ընդունելություն:

• Հունիսի 17-ին ԵԱՀԿ առաքելությունը հայ-ադրբեջանական զինված ուժերի շփման գծի պլանային դիտարկում է անցկացրել Օմարի լեռնանցքում (Արցախի հյուսիսում): Դիտարկումն անցել է ըստ նախատեսված ժամանակացույցի, կրակի դադարեցման ռեժիմի խախտումներ չեն արձանագրվել:

• Հունիսի 15-ին Գյումրիում տեղակայված ՌԴ 102-րդ ռազմաբազայի մոտ հայտնաբերվել է ռազմաբազայի զինծառայող Իվան Նովիկովի դին՝ կտրող-ծակող առարկայի հարվածների հետքերով: Սպանության մեղադրանքով ձերբակալվել է ռազմաբազայում նրա ծառայակիցը։

Ռազմաշաբաթը նաև՝

Ադրբեջանում

Վրաստանում

Թուրքիայում

Մեկնաբանել

Ձեր էլ. փոստի հասցեն չի հրատարակվելու: Պարտադիր դաշտերը նշված են *