ՀՀ ՊՆ ռազմական ինստիտուտներում սկսվել է մեկամյա սպայական դասերի ընդունելությունը

ՀՀ պաշտպանության նախարարությունը հայտարարել է ՀՀ ՊՆ Վազգեն Սարգսյանի անվան ռազմական ինստիտուտում և ՀՀ ՊՆ մարշալ Արմենակ Խանփերյանցի անվան ռազմական ավիացիոն ինստիտուտում կազմակերպվող մեկամյա սպայական դասընթացների ընդունելություն: Այս մասին տեղեկացնում է ՀՀ ՊՆ կայքը:

Դասընթացներին կարող են մասնակցել պարտադիր զինվորական ծառայության 2015թ. ամառային զորակոչին ենթակա քաղաքացիական բարձրագույն կրթությամբ զորակոչիկները, ինչպես նաև բարձրագույն կրթությամբ իգական սեռի քաղաքացիները:

Դասընթացները կազմակերպվելու են հետևյալ մասնագիտություններով`

ՀՀ ՊՆ Վ. Սարգսյանի անվան ռազմական ինստիտուտ`
• հրետանավոր,
• մոտոհրաձիգ,

ՀՀ ՊՆ մարշալ Ա. Խանփերյանցի անվան ռազմական ավիացիոն ինստիտուտ`
• հակաօդային պաշտպանություն,
• կապավոր:

Դասընթացներին մասնակցելու ցանկություն հայտնած քաղաքացիների հետ ռազմական և ռազմական ավիացիոն ինստիտուտներում անցկացվելու է «Նորակոչիկների պատրաստության ծրագրով» դասընթաց: Նրանց հետ կնքվելու են «Սպայական դասընթացին մասնակցելու մասին» և «Պայմանագրային զինվորական ծառայություն անցնելու մասին» պայմանագրեր, և նրանք գրանցվելու են որպես կուրսանտ:

Ուսումնառության ավարտից հետո զինծառայողներին շնորհվելու է աոաջին սպայական «լեյտենանտ» զինվորական կոչում, վիճակահանության կարգով՝ ստացած մասնագիտությանը համապատասխան, 2 տարի ժամկետով զինծառայություն անցնելու համար զինծառայողները նշանակվելու են դասակի հրամանատար:

Վիճակահանության ընթացքում արտոնություն է տրվելու ուսումնառությունը գերազանցությամբ ավարտածներին, զոհված և պատերազմի ժամանակ վիրավորված ու հետագայում ստացած վերքերից մահացած ազատամարտիկների զավակներին:

Ուսումնառության և հետուսումնական ծառայության ընթացքում նրանք օգտվելու են զինծառայողների համար ՀՀ օրենսդրությամբ սահմանված բոլոր սոցիալական արտոնություններից:

Լրացուցիչ տեղեկությունների համար զանգահարել.
010-29-45-84, 010-29-45-73:

Մեկնաբանել

Ձեր էլ. փոստի հասցեն չի հրատարակվելու: Պարտադիր դաշտերը նշված են *