Ադրբեջանի բանակում գրանցվել է հերթական ոչ մարտական կորուստը

Ադրբեջանի զինված ուժերում գրանցվել է հերթական կորուստը՝ ոչ մարտական պայմաններում։ Հունիսի լույս 19-ի գիշերը Աղդամի շրջանում տեղակայված զորամասերից մեկում՝ ստացած հրազենային վիրավորումից մահացել է Բեյլագանից զորակոչված ժամկետային զինծառայող Էլիսման Աբբասլըն (Əlisman Abbaslı)։ Այս մասին հայտնում է ադրբեջանական «Ազադլըգ» ընդդիմադիր թերթի կայքը։

Հրապարակման մեջ նշվում է, որ մահացած զինծառայողի հարազատներին հայտնել են, թե Աբբասլըն գողանալով զինանոցի բանալին՝ զենք է վերցրել այնտեղից և ինքնասպան եղել՝ կրակելով իրեն կոկորդի շրջանում։ Նշվում է նաև, որ զինծառայողի զորացրմանը մնացել էին հաշված օրեր։

Զինծառայողի հարազատները, սակայն, ինքնասպանության վարկածին չեն հավատում՝ պնդելով, որ նա սպանվել է ուրիշի կողմից։ Պաշտոնական աղբյուրներում այս միջադեպի մասին որևէ տեղեկություն չի հայտնվել։

Հավելենք, որ 2015-ի հունիսին սա Ադրբեջանի պաշտպանական և անվտանգության համակարգերում տեղ գտած և հայտնի դարձած մահվան ելքով 5-րդ միջադեպն է։

Մեկնաբանել

Ձեր էլ. փոստի հասցեն չի հրատարակվելու: Պարտադիր դաշտերը նշված են *