Հայաստանի ԶՈւ ԳՇ պետի տեղակալի պաշտոնից ազատված գեներալ-լեյտենանտ Լյովա Մնացականյանը նշանակվելու է ՊԲ հրամանատարի պաշտոնում: Այս մասին ինքը՝ Մնացականյանը, հայտնել է հայկական News.am լրատվական կայքին:

ՀՀ ԶՈւ Գլխավոր շտաբի պետի տեղակալ գեներալ-մայոր Լյովա Մնացականյանը քաջալերում է նորակոչիկին կենտրոնական հավաքակայանում…
Գեներեալ-լեյտենանտ Մնացականյանը ավելացրել է, որ նշանակման մասին հրամանն այսօր՝ հունիսի 16-ին, հավանաբար չի լինի, բայց ինքը հունիսի 17-ի առավոտյան արդեն մեկնելու է Արցախ:
Հիշեցնենք, որ ՀՀ ԶՈւ ԳՇ պետի արդեն նախկին տեղակալ, գեներալ-լեյտենանտ Լյովա Մնացականյանն այդ պաշտոնից ազատվել է երեկ՝ հունիսի 15-ին, ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանի հրամանագրով:
Նախագահի մեկ այլ հրամանագրով հունիսի 15-ին ԳՇ պետի տեղակալի պաշտոնում նշանակվել է գեներալ-լեյտենանտ Մովսես Հակոբյանը, ով մինչ այդ զբաղեցնում էր Պաշտպանության բանակի հրամանատարի պաշտոնը:
Ավելացնենք, որ Լյովա Հենրիխի Մնացականյանը ծնվել է 1965 թվականի սեպտեմբերի 14-ին Ասկերանի շրջանում: Ավարտել է Երևանի պոլիտեխնիկական ինստիտուտը և ՌԴ ԶՈՒ ԳՇ ռազմական ակադեմիան:
2007 թվականին Լյովա Մնացականյանը նշանակվել է ՊԲ շտաբի պետ-հրամանատարի առաջին տեղակալ, իսկ 2012թ. հոկտեմբերի 11-ին՝ ՀՀ զինված ուժերի գլխավոր շտաբի պետի տեղակալ: