Թուրքիայի բանակը ստացել է «Բայրաքթար» ԱԹՍ-ների 2-րդ խմբաքանակը

Հունիսի 19-ին Թուրքիայի ԶՈւ ցամաքային զորքերին հանձնվել է տեղական արտադրության «Բայրաքթար» մարտավարական հետախուզական  ԱԹՍ-ների երկրորդ խմբաքանակը, որը ներառում է 6 միավոր անօդաչու թռչող սարք, 2 տեղային կայան և անհրաժեշտ պահեստամասերը։ Այս մասին հայտնում է թուրքական պետական «Անադոլու» լրատվական գործակալությունը։

Թուրքական արտադրության «Բայրաքթար» հետախուզական ԱԹՍ

Թուրքական արտադրության «Բայրաքթար» հետախուզական ԱԹՍ

Նշվում է, որ բոլոր անհրաժեշտ թեստավորումներն ու փորձարկումներն անցնելուց հետո զինվորական և քաղաքացիական ներկայացուցիչների մասնակցությամբ թուրքական «Քալե» և «Բայքար» ընկերությունների համատեղ արտադրության «Բայրաքթար» ԱԹՍ-ների խմբաքանակը հանձնվել է Թուրքիայի զինված ուժերի շահագործմանը։

Հիշեցնենք, որ հետախուզական և դիտարկման աշխատանքների համար նախատեսված անօդաչու թռչող սարքերի առաջին խմբաքանակը Թուրքիայի զինված ուժերին հանձնվել էր 2014-ի նոյեմբերին։

Հավելենք նաև, «Բայրաքթար» ԱԹՍ-ն 2014-ի հունիսի 14-ին Թուրքիայի հյուսիս-արևմտյան «Քեշան» ռազմական օդանավակայանում անցկացված փորձարկումների ժամանակ սահմանել էր ռեկորդային արդյունքներ թուրքական արտադրության ԱԹՍ-ների համար՝ 6,5 ժամ տևած թռիչքի ընթացքում հասնելով 8238 մետր բարձրության։ Այնուհետև՝ 2014-ի նոյեմբերին անցկացված փորձարկումների ժամանակ այն օդում մնացել էր ավելի քան 24 ժամ՝ հաղթահարելով գրեթե նույն բարձրությունը։

Մեկնաբանել

Ձեր էլ. փոստի հասցեն չի հրատարակվելու: Պարտադիր դաշտերը նշված են *