Հունիսի 2-ից Հայաստանի «Բաղրամյան» ուսումնական զորավարժարանում մեկնարկել է Մոնթե Մելքոնյանի անվան ռազմամարզական վարժարանի կուրսանտների ճամբարային հավաքը: Այս մասին տեղեկանում ենք ՀՀ ՊՆ «Զինուժ» հեռուստածրագրի՝ հունիսի 14-ի թողարկումից:
Տարաբնույթ նորմատիվների անցկացման ընթացքում սաներն իրենց ստացած տեսական գիտելիքները կիրառում են գործնականում:
Հավաքը, որին մասնակցում են առաջին և երկրորդ կուրսի սաները, միտված է կուրսանտների գործնական հմտությունների ստուգմանը, ընդ որում՝ նորմատիվներով են գնահատվելու նաև տղաների տարեվերջյան ամփոփիչ քննությունների գնահատականները:
Սաները նորմատիվներ են հանձնել կրակային պատրաստությունից, բուժօգնությունից, սովորել նռնակների անվտանգ ու ճիշտ կիրառման կանոնները, նետել ուսումնական նռնակներ: Վարժարանի սաները սովորել են նաև լեռնային մագլցումներ, գետի հաղթահարոմ և այլն:
Ճամբարային հավաքի արդյունավետության մասին խոսելով՝ վարժարանի պետի տեղակալ, փոխգնդապետ Կարեն Ավագյանը նշում է, որ նորմատիվների հանձնման ժամանակ կուրսանտները ցուցաբերում են բավական բարձր արդյունքներ, իսկ ճամբարային հավաքներից հետո ավելի են ամրապնդում իրենց գիտելիքները:
Ավելացնենք, որ ապրիլի 7-ից մեկնարկել է և ներկայում շարունակվում է Մոնթե Մելքոնյանի անվան վարժարանի ընդունելությունը: Վարժարանի, ընդունելության կարգի և անհրաժեշտ փաստաթղթերի մասին կարող եք կարդալ այստեղ:
Pingback: ՀՀ ՊՆ ռազմական վարժարանի կուրսանտներն անցկացրել են ճամբարային հավաքներ | Ռազմ.info